06 10 2021

Կառավարության անգործությունը հանգեցնելու է նոր ողբերգական հետևանքների․ Էդգար Ղազարյան

Կառավարության անգործությունը հանգեցնելու է նոր ողբերգական հետևանքների․ Էդգար Ղազարյան

Կառավարության անգործությունը հանգեցնելու է նոր ողբերգական հետևանքների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«ՀՀ առողջապահության նախարարությունը 2021 թվականի հոկտեմբերի 6-ին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդության 1155 նոր դեպք և 21 մահվան դեպքի մասին (նախորդ օրվա արձանագրումներ)։ Մեկ օր առաջ արձանագրվել էր հիվանդության նոր 891 և մահվան 22 դեպք։ Հոկտեմբերի 1-ից մինչ օրս միջինը գրանցվել է հիվանդության 946 նոր և մահվան՝ 20 դեպք։ Այս ցուցանիշներ վկայում են հիվանդության տարածման տեմպերի կտրուկ աճի մասին, որի հետևանքներից է նաև մահվան ցուցանիշի շեշտակի աճը։
Այս իրականության պայմաններում կառավարության կողմից գրեթե ոչ մի էական քայլեր չեն ձեռնարկվում ոչ միայն նոր սահմանափակումներ մտցնելու, այլ անգամ գործող կարանտինի պայմանները պահպանելու ուղղությամբ։

Հարկ է նկատել, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունով պայմանավորված, արտակարգ դրություն էր հայտարարվել 2020 թվականի մարտի 16-ին, երբ արձանագրվել էր հիվանդության առավելագույնը օրական 17 դեպք, իսկ մահվան՝ 0 դեպք։ Ակնհայտ է, որ առողջապահական համակարգն ի վիճակի չի լինելու սպասարկել բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներ՝ հիվանդության այս տեմպերով աճի դեպքում, ուստի անհրաժեշտ է իրականացնել իրավիճակից բխող շտապ միջոցառումներ։ Մասնավորապես, անհրաժեշտ է՝

• անհապաղ դադարեցնել ստացիոնար կրթական գործընթացը բոլոր տիպի ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներ, դպրոցներ, քոլեջներ, համալսարաններ և այլն),

• պետական կառավարման ոլորտում որոշակի ժամանակահատվածում անցնել առցանց աշխատանքի ռեժիմին,

• սահմանափակել զանգվածային բոլոր միջոցառումները,

• մասնավոր ընկերություններին հորդորել անցնելու աշխատանքի առցանց ռեժիմին, որտեղ դա հնարավոր է,

• սահմանափակումներ մտցնել Հայաստան մուտքի վրա՝ խստացնելով սահմանային հսկողությունը և այլն։

Բոլոր որոշումները պետք է կայացվեն և կյանքի կոչվեն խիստ հրատապ և օպերատիվ կարգով, հակառակ դեպքում այս մահաբեր իշխանությունների գործունեության պատմությունը կհամալրվի ևս մի քանի հազար երիտասարդ մարդկանց ողբերգական մահերով»,- գրել է Ղազարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ