06 10 2021

Առուշ Առուշանյանը ժպիտով է վերաբերվում ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարություններին. փաստաբան

Առուշ Առուշանյանը ժպիտով է վերաբերվում ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարություններին. փաստաբան

Գորիսի կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն արձագանքել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։

«Իշխող ուժի ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը երեկ իր ճեպազրույցում, ի պատասխան լրագրողի կողմից ուղղված այն հարցին որ «Եթե Առուշ Առուշանյանը կալանավորված չլիներ, ինչպես նշում են նաև վերջինիս պաշտպանները՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում չիրականացվեր Ձեր թեկնածուի շանսերը Գորիսում ինչպիսին կլինեին»,  հայտնել է, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական երանգ չունի, դրանք պարզապես քրեական գործեր են տարբեր հոդվածներով, որոնք բազմաթիվ են, միևնույն ժամանակ հորդորելով լրագրողին լուսաբանել այդ հոդվածները։

Նախ ուշագրավ է Արմեն Խաչատրյանի կողմից Առուշ Առուշանյանի անձի մասին խոսելիս ատելության և հակակրանքի վառ դրսևորումը, ինչն ոչ միայն անընդունելի է, այլ ուղղակի հակասում է նաև իշխանության եկած ուժի «սիրո և համերաշխության» թեզին, որը ժամանակը ցույց տվեց, որ պարզապես խոսքեր էին և հասարակությանը հիպնոզացնելու միջոց։

Չնայած դրան, Առուշ Առուշանյանը ժպիտով է վերաբերում այդ պատգամավորի հայտարարություններին, քանի որ թուրքի դեմ կռված ուժեղ տեսակը՝ Առուշ Առուշանյանը, չի կարող սասանվել որոշ անձանց անլուրջ, մանիպուլատիվ և էջան հայտարարություններից։

Ինչ վերաբերում է պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից այն հայտնածին, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները քաղաքական չեն, ապա տվյալ անձը, կարծես թե, կտրված է իրականությունից։ Մշտապես պնդել ենք և այժմ նույնպես պնդում ենք, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական խայտառակ հետապնդում, այդ գործերը որևէ իրավական հիմք չունեն, ավելին՝ ինչպես այդ պատգամավորը, այդպես էլ բոլոր այն անձինք, ովքեր տրամադրվածություն ունեն Առուշ Առուշանյանի անձի նկատմամբ, ականատես են լինելու այդ քրեական գործերի աստիճանաբար փլուզմանը։

Բացի այդ, որպես Առուշ Առուշանյանի փաստաբան, պատրաստ եմ Արմեն Խաչատրյանին նրա ցանկության դեպքում հանդիպել և հրապարակավ հատ առ հատ հիմնավորել այդ քրեական գործերի շինծու և ապօրինի լինելը։

Եվ ամենավերջում նշեմ, որ լուրեր են պտտվում, թե իբրև Առուշ Առուշանյանը կալանքից ազատվելու դեպքում հրաժարվելու է Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնից, ապա հայտնեմ, որ դա բացարձակ սուտ է և համապատասխան շահագրգիռ անձինք դա կարող են տեսնել միայն իրենց երազներում։ Առուշ Առուշանյանը մշտապես հայտնել է, որ պաշտոնն իր համար միայն միջոց է հանդիսանում Գորիս քաղաքը շենացնելու և ծաղկացնելու համար։

Հորդորում եմ իրավապահներին ստուգողական աշխատանքներ կատարել և պարզել, թե իրականում ինչ նպատակով է պետական բյուժեից հատկացվել1 միլիարդ ՀՀ դրամ Գորիսի համայնքի ղեկավարի ընտրությունների նախօրեին։

Եվ վերջապես, ամոթ է Առուշ Առուշանյանի կամ Գորիսի համար այլ սրտացավ անձանց արածներն իշխանական ուժի կողմից իրենց վերագրելը»,-նշված է Էրիկ Ալեքսանյանի տարածած հայտարարությունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ