05 10 2021

Իշխանությանը խստորեն զգուշացնում ենք՝ փորձ չանե՛լ երկիրը մատնել հերթական կապիտուլյացիային. Արմեն Ռուստամյան



Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված և պատերազմական հանցագոր­ծություններով ուղեկցվող ագրեսիայի ընթացքում ու ի հետևանք դրա՝ ադրբեջանաթուրքական տանդեմին հաջողվել  է Հարավային Կովկասը մտցնել աշխարհա­քաղաքական սակարկությունների նոր հորձանուտի մեջ և էապես վտանգել տարածաշրջանային անվտանգությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Ադրբեջանաթուրքական այս արկածախնդրու­թյունը նախ և առաջ ուղղված է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և ավանդաբար այս տարածաշրջանում քաղաքական ազդեցություն ունեցող պետությունների դեմ։ Ըստ հավաստի տարբեր հրապարա­կումների՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի գրավյալ տարածքներում պահել «ծայրահեղ-իսլամիստ» վարձկանների, ինչպես և ռազմական հնարավորություններ տրամադրել այլ ուժերի։

Տարածաշրջանային անվտանգության հերթական խաթարումը  չի՛ կարող վերաբերվել միայն Հայաստանին։ Հետևաբար, ողջունում ենք տարածաշրջանային անօրինական և վտանգավոր վերաձևումները կանխելու Իրանի ղեկավարության ռազմաքաղաքական կամքը։

Հայաստանի ղեկավարումը դեռևս իրականացնող իշխանությանը խստորեն զգուշացնում ենք՝ փորձ չանե՛լ երկիրը մատնելու հերթական կապիտուլյացիային և փորձ չանե՛լ դաշնակիցների հետ հարաբերություններ հաստատել «առևտրի» տրամաբանությամբ։

Հայ Յեղափոխական Դաշնակցությանը  արատավորելու՝ ՀՀ կառավարության ղեկավարի նորագույն փորձը վիրավորանք է ոչ միայն ՀՅԴ-ի հասցեին, որ միշտ գործել է հայ-իրանական հարաբերությունների սերտացման ուղղությամբ, այլ նաեւ  Իրանին, որին մեկ հոդվածի հիման վրա դիրքորոշում ճշտելու վերագրում է արվում»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ