01 10 2021

Սյունիքի ՔՊ-ականներին կալանավորելու՞ են՝ «խիստ ծանր հանցագործությունների» համար

Սյունիքի ՔՊ-ականներին կալանավորելու՞ են՝ «խիստ ծանր հանցագործությունների» համար

Yerkir.am-ը գրում է․ Գորիսեցի ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ով ներկայումս զբաղված է Գորիս համայնքում ՔՊ թեկնածուի օգտին քարոզարշավ իրականացնելով, իր էջում գրել է, թե Սյունիքի մարզին կհատկացվի շուրջ 1 մլրդ դրամ, որի շրջանակներում բնակչության համար սոցիալական և կենսական նշանակության հրատապ ծրագրեր պիտի իրագործվեն։

Հարգելի պատգամավորին մի քանի հարց ունենք․

1․ Արդյո՞ք այդ գումարը տրամադրվելու է համայնքապետարաններին, որտեղից արդեն, ըստ սահմանված կարգի, հատկացվելու է սոցիալական խնդիրներ ունեցողներին և համապատասխան ծրագրերին։ Թե՞ նախորդ անգամվա պես՝ ընտրություններից 3 օր առաջ փոխանցվելու է Մարզպետարանի հիմնադրամին, որտեղից էլ բաշխվելու է «անհասկանալի» տրամաբանությամբ և սխեմաներով։ Իսկ միգուցե այս անգամ կառավարությունը այդ գումարները բաժանելու է արդեն ՔՊ-ի նախընտրական շտաբերի՞ց։

Երկրորդ հարցը։ Այնուամենայնիվ, եթե կառավարությունը գումարները փոխանցելու է համայնքապետարաններին, ապա արդյո՞ք ՔՊ թեկնածուների ընտրվելու պարագայում, ապագայում նրանց դեմ քրեական գործեր են հարուցվելու և նրանց կալանավորելու են՝ «խիստ ծանր հանցագործություններ կատարելու»՝ մարդկանց սոցիալապես օգնելու համար, թե՞ նմանատիպ գործեր կարելու սպառնալիքով այդ մարդկանց փորձելու են պահել որպես հլու-հնազանդ կամակատար։

Եւ երրորդ հարցը, իսկ պատգամավորը և ներկայիս իշխանության այլ պաշտոնյաներ վստա՞հ են, որ վաղը, եթե ինչ-ինչ պատճառներով համաձայն չլինեն գործող իշխանության վարած քաղաքականությանը կամ կատարած քայլերին և փորձեն բարձրաձայնել դրանք, ապա ՔՊ կառավարությունը հենց իրե՛նց չի կալանավի նմանատիպ հոդվածներով։

Այս հարցերն առավելապես հռետորական բնույթ են կրում և, բնականաբար, ակնկալիք չունենք, թե դրանց պատասխանելու համարձակություն կցուցաբերի հարգելի պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ