Վերջին երկու նիստերին իմ կողմից օրակարգ էին բերվում հարցեր, որոնք մահացու վտանգավոր են իշխանության համար։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը։
«Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգում տիրող աղետալի, կոլապսային իրավիճակում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը համարժեք չէ։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի պաշտպանության և անվտանգության համար մեկ վտանգը հանձնաժողովի փոխնախագահի ընտրվել-չընտրվելն է»,-ասաց Ղազինյանը:
Անդրադառնալով առաջարկին, որ քննվի ինչու է Փաշինյանի կողմից մերժվել հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգնեցնելու առաջարկը, և դրա մերժմանը նշեց․
«Այդ առաջարկը մերժվեց, որովհետև ընդունելու դեպքում նույն պարոն Քոչարյանը ստիպված էր լինելու գալ, ներկայանալ, տալ տեղեկատվություն, խելոք հարցերի պատասխանել, քանի որ պատերազմի ժամանակ նա Հայաստանի ռազմաքաղաքական իշխանության բաձրագույն ներկայացուցիչն էր՝ լինելով 7-րդ գումարման Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ինքը ևս պետք է քննվեր այդ ենթահանձնաժողովի կողմից։ Դա խոսում է այն մասին, որ եթե իշխանությունները որոշեն ստեղծել քննիչ հանձնաժողով, այն չի կարող ղեկավարվել այդ քննվող առարկայի մեջ էական և կարևոր դերակատարություն ունեցած մարդու կողմից։ Քննիչ հանձնաժողովը չի կարող ղեկավարել Անդրանիկ Քոչարյանը, նա իրավունք չունի ղեկավարել այն»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը