27 09 2021

Հայաստանի թուրքացումը կասեցնելու հրամայականը պահանջում է օր առաջ ազատվել այս իշխանությունից. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

Հայաստանի թուրքացումը կասեցնելու հրամայականը պահանջում է օր առաջ ազատվել այս իշխանությունից.  ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի առիթով հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

 Մեկ տարի առաջ` 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց հայկական երկու պետությունների դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները։

Պատերազմի սկսվելուց ժամեր անց ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հայտարարեց ներքաղաքական պայքարի դադարեցման մասին և, կարևորելով ազգային միասնականությունն ու թուրք-ադրբեջանական ագրեսիային միասնական ջանքերով դիմակայելու կենսական անհրաժեշտությունը, կամավորագրվելու կոչով դիմեց իր շարքերին և ժողովրդին, որին հարյուրավոր հայորդիներ արձագանքեցին և մեկնեցին ճակատ։ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք իշխանությանը ներկայացրեցինք նաև իրավիճակի շտկմանն ուղղված բազմաթիվ առաջարկություններ:

Ցավոք, իշխանությունն անհաղորդ մնաց համազգային համախմբման կոչերին։ Ավելին՝ երեք տարի շարունակ ներազգային, ներքաղաքական և դիվանագիտական ոլորտներում նրանց իրականացրած կազմաքանդիչ գործողությունները պատերազմի օրերին իրենց կործանարար հետևանքներն ունեցան նաև ռազմաճակատում և հանգեցրին աղետալի պարտության։

Պատերազմից մեկ տարի անց կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև՝ խաթարված ինքնիշխանությամբ, մարդկային և տարածքային ծանր կորուստներով, Արցախի և Հայաստանի Հանրապետություններին ուղղված անվտանգային լրջագույն սպառնալիքներով։

Հայոց պետականության լինելիությունն ապահովելու, Հայաստանի թուրքացումը կասեցնելու հրամայականը պահանջում է օր առաջ ազատվել մեզ պարտության տարած, մեր համազգային շահերին դավաճանած, ՀՀ ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարած իշխանությունից, որն ունակ չեղավ երաշխավորելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր քաղաքական օրակարգը նույնն է։ Մեր ապրելու իրավունքի համար զոհված հազարավոր որդիների արյունը պահանջում է ոտքի կանգնել՝ կասեցնելու Հայաստանի պետականության գոյությանն ուղղված մարտահրավերներն ու ներքաղաքական ճգնաժամը, ամրապնդված և ուժեղ պետականությամբ հասնել արժանապատիվ խաղաղության։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

27.09.2021 թ.

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ