Էս պահին քարտեզը դիմացս չի, որ կողմոնորոշվեմ, թե որոնք են արևմտյան շրջանները, բայց իմ կարծիքով դրանք մեր արևելյան շրջանների հետևի մասում են, եթե չեմ սխալվում: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը:
Նշենք, որ Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում Փաշինյանը խոսելով կոմունիկացիաների բացման մասին, ասաց․
«Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի և Իրանի հետ։ Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Այստեղ մենք վճռական ենք և կոնկրետ ջանքեր կգործադրենք արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։
Մենք Աղազարյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք դրանք Ադրբեջանի գրավյալ տարածքներն են, թե՞ դեպի Սյունիք հատվածը:
-Չէ, դժվարանում եմ կողմնորոշվել, իմ կարծիքով Կովսականից մինչև Ջաբրայիլ տարածքների մասին է խոսքը, երևի:
Հարցին, թե արդյո՞ք նա համարում է պատմական ադրբեջանական տարածքներ՝ իշխանական պատգամավորն ասաց.
«Ես չեմ կարծում, որ դրանք հին ադրբեջանական տարածքներ են, ես գիտեմ, որ դրանք հին հայկական են: Ադրբեջանը պատմություն չունի, ոնց կարող են դրանք ադրբեջանական պատմական տարածքներ լինել: Ես չեմ կիսում իրենց (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին և մյուս թիմակիցներին) կարծիքը, երբ ասում են, որ դրանք ադրբեջանական հողեր են»:
Վերջում էլ եզրափակեց.
«Մի քիչ ավելի հեշտ հարց տվեք, ես կպատասխանեմ, ասեք՝ պարոն Աղազարյան, Դուք համաձա՞յն եք, որ ճանապարհներն ապաշրջափակվեն, ես կասեմ՝ այո: Հիմա էս հարցում քարտեզն իմ առաջ չէ, որ ես կողմնորոշվեմ՝ որն է արևելքը, որն է արևմուտքը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը