22 07 2021

Այսպես պետք է ասենք՝ բարի գալուստ դեպի Սադամ Հուսեյնի Իրաք․ Ռոբերտ Քոչարյան



Մի քիչ  ավելի լայն պետք է նայել այս բռնաճնշումներին, ո՞ր ժամանակահատվածում էր դա արվում։ Կարծում եմ՝ էական ճնշում էր Սահմանադրական դատարանի նկատմամբ՝ ցույց տալու համար, մտածեք, թե ինչ որոշում եք կայացնելու։  Մարդկանց շինծու մեղադրանքներով կալանավորվում էին այն ժամանակ, երբ ՍԴ-ում քննում էին ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի բողոքը։ Այս մասին երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահը հետընտրական բռնաճնշումները կապում է նաև սպասվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ․ «Մեսիջ է՝ խելոք պահեք, եթե խելոք չպահեք, յուրաքանչյուրիդ հետ կարող է կատարվել նույնը։ Սա է նպատակը, այսպես պետք է ասենք՝ բարի գալուստ դեպի Սադամ Հուսեյնի Իրաք։ Մոտավորպես այդ ճանապարհն ենք բռնել։ Համենայնդեպս, իմ տպավորությունն է, որ այս իշխանության ցանկությունը հենց դա է և ժողովրդավարության բաստիոնը ոնց որ դարձնում է ժողովրդավարության գերեզմանոց։ Նաև այսպես կբնութագրեմ այն, ինչ կատարվում է  Հայաստանում»։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցնելով երեք տարի առաջ իրեն շինծու գործով առաջադրված մեղադրանքը, նշեց. «Անցնելով այս ամեն ինչով՝ ես ավելի շատ ուժեղ եմ դուրս եկել այս պայքարից, քան երեք տարի առաջ էի։ Յուրաքանչյուր համայնքապետ, որ հիմա կալանավորված է, այդ վիճակից դուրս է գալու  շատ ավելի ուժեղ։ Ուղղակի կասկած չունեմ, քանի որ մեղադրանքները շնծու են, նեղ խմբակի տակտիկական շահերին է ամեն ինչ ծառայեցվում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ