26 06 2021

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն Արցախի հարցում համընկնում են՝ Արցախի խնդիր չկա. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն Արցախի հարցում համընկնում են՝ Արցախի խնդիր չկա. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն այս հարցում, որոշակի դետալային տարբերություններով, համընկնում են՝ Արցախի խնդիր չկա, հարցը փակված է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամյանը:

«Քարոզարշավի ընթացքում, տարբեր հարթակներում, ինձ ամենաշատը հնչող հարցադրումներից էր՝ ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի կարգավորման գործընթացը, ո՞ր կետից պետք է սկսել, ի՞նչի հիման վրա և այլն։

Թվում է, թե դա մարդկանց հետաքրքրությունների առաջնային պլանում պետք է լինի, սակայն կարծում եմ, որ ոչ։

Գործող իշխանություններն իրականում Հայաստանի և Արցախի համար կարևորագույն այս հարցի մասին կամ չեն խոսում կամ ինչ-որ կցկտուր ձևակերպումներ հնչեցնում։

Իսկ հանրային պահանջ էլ չկա՝ հստակեցնելու կամ հասկանալու, թե ինչ է անելու իշխանությունն այս գործընթացի առնչությամբ։

Իշխանությունն, իհարկե, այս հարցի հետ կապված ունի դիրքորոշում, որը հրապարակային չի հնչեցնելու։

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն այս հարցում, որոշակի դետալային տարբերություններով, համընկնում են՝ Արցախի խնդիր չկա, հարցը փակված է։

Ովքեր կարծում են, որ Արցախի հարցը կամ դրա կարգավորումը միայն արցախահայությանն է վերաբերվում, չարաչար սխալվում են։

Արցախի հարցն ուղիղ կապ ունի Հայաստանի և Հայաստանում ապրող ցանկացած հայի անձնական անվտանգության հետ և թեմայի այսպիսի անփառունակ փակումը ուղիղ սպառնալիք է յուրաքանչյուրիս համար»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ