21 06 2021

Եվս 2 քաղաքական ուժ չի ճանաչում ԱԺ ընտրությունների արդյունքները

Եվս 2 քաղաքական ուժ չի ճանաչում ԱԺ ընտրությունների արդյունքները

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կուսակցությունը չի ճանաչում Հայաստանի Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները։ Հայտարարությունում ասվում է․

 

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021 թվականի մայիսի 31-ին կայացրել է “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը գրանցելու մասին” թիվ 101-Ա որոշումը, որով գրանցել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Գրիշայի Արզաքանցյանը (1-ին հերթական համար) գրանցվել է պատգամավորի թեկնածու։

 

Ինչպես նախընտրական ժամանակահատվածում, այնպես էլ ընտրությունների օրը, իշխանությունների գործողությունները միտված են եղել թուլացնելու իրենց ընդդիմախոսներին։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության դեմ այդ գործողությունները դրսևորվել են, մասնավորապես, նրանում, որ դեռևս 2021 թվականի հունիսի 2-ին (այս մասին, ի դեպ, պարզ է դարձել միայն 2021 թվականի հունիսի 10-ին) ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից սեփական նախաձեռնությամբ հարուցվել է ոչ իրավաչափ վարչական վարույթ, որը միտված է եղել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Գրիշայի Արզաքանցյանի (1-ին հերթական համար), որպես պատգամավորի թեկնածուի, գրանցումն անվավեր ճանաչելուն։

Ընդ որում, լավ հասկանալով ընտրական գործընթացների սեղմ ժամկետները, ինչպես նաև թեկնածուի կողմից պետական մարմինների գործողությունների և նրանց կողմից կայացված վարչական ակտերի բողոքարկման արդյունքում ընտրական գործընթացների առանձնահատկությունների հաշվառմամբ առաջացող իրավական փակուղիները, պատկան մարմիններն արել են հնարավորը, որպեսզի Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Գրիշայի Արզաքանցյանը (1-ին հերթական համար) զրկված լինի իր իրավունքների խախտումները վերականգնելու և ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

Իսկ իշխանությունների կողմից ամեն գնով վերարտադրվելու ձգտումը դրսևորվել է նաև ընտրությունների օրը տեղի ունեցած բազմաթիվ խախտումներով։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարում է, որ չի ճանաչում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները»։

«Ազատ հայրենիք» դաշինքը նույնպես հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքը։ Հայտարարությունը՝ ստորև․

 

«Ազատ հայրենիք» դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքը։

Մենք միավորեցինք մեր կուսակցությունների ուժերը՝ նպատակ ունենալով «արտահերթ խորհրդարանական ընտրություններ» կոչվող միջոցառումը օգտագործել ազգօգուտ գործունեություն ծավալելու՝ երկրում վիճակը արմատապես բարեփոխելու համար։ Սակայն, հունիսի 20-ի քվեարկությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գործող սահմանադրությամբ և դրանից բխող հակաիրավական ընտրական օրենսգրքով, սպառնալիքներով և բարոյահոգեբանական ճնշումներով ուղեկցվող մթնոլորտում հնարավոր չէ իրականացնել ժողովրդավարական ընտրություններ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ