Մեր երկիրը պարտության տարած և բոլոր ոլորտները տապալած իշխանությունը հունիսի 20-ին փորձելու է վերարտադրվել և խուսափել պատասխանատվությունից։ Այս մասին Աբովյանում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ հայաստանյան ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Եթե մի ժամանակ նրանք ասում էին՝ պատասխանատու ենք, բայց մեղավոր չենք, հետո ասում էին՝ մեղավոր ենք, բայց պատասխանատու չենք, հիմա ասում են՝ոչ մեկն էլ չենք․ այս ամենի համար մեղավոր են նախկինները, մենք պարզապես հարիֆ էինք։ Նախկիններն Արցախը տվել էին, մենք էլ չկարողացանք պահել։ Այս ամենով նրանք վիրավորում են մեր ժողովրդին և փորձում են խուսափել պատասխանատվությունից, վերարտադրվել և շարունակել մեր հայրենիքը մաս առ մաս հանձնել թշնամուն։ Հունիսի 20-ին սա պետք է կանխել և տեր կանգնել մեր արժանապատվությանը, հայրենիքին, Արցախին», - հայտարարեց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այս օրերին շարունակվում է պետական տարբեր օղակների ու, մասնավորապես, մարզպետների ճնշումները համայնքի ղեկավարների, դպրոցների տնօրենների, բուժհաստատությունների ղեկավարների վրա։
«Մեկ անգամ զգուշացրել ենք՝ չեն հասկացել, հիմա նորից զգուշացնում ենք․ հեռու մնացեք համայնքի ղեկավարներից, դպրոցի տնօրեններից, բուժհաստատությունների ղեկավարներից, այդ մարդիկ գիտակից քաղաքացիներ են, մաս չեն դառնալու ձեր դավաճանական գործունեությանը։ Իմացե՛ք, որ բոլորը ձեր այդ հանդիպումներից հետո զանգում են մեզ և ասում են ձեր ասածները․ իրենք մաս չեն դառնալու ձեր դավաճանական պրոցեսին, պատասխան եք տալու հենց դրա համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը