Պատերազմի ողբերգական հետևանքից հետո գործող իշխանությունը հանրային ճնշման և պահանջի տակ նշանակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին Եղվարդում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Այս խորհրդարանական ընտրությունները բախտորոշ են մեր երկրի և պետականության համար․ գործող քաղաքական իշխանական խմբակը, ով մեր երկիրը բերեց, հանգեցրեց պատերազմի, և իր գործողության արդյունքում ունեցանք աղետալի հետևանքներ, փորձելու է այս ընտրություններում վերարտադրվել»,-ասաց նա։
Սաղաթելյանը նկատեց, որ մեր երկրում կա սոցիալ-տնտեսական ճգնաժամ, մեր երկրում կա քաղաքական ճգնաժամ, կա կառավարման ճգնաժամ և լուրջ անվտանգային հարցեր։
«Հունիսի 20-ին կա՛մ այս իշխանությունը պետք է վերարտադրվի, և, արդյունքում, այս ճգնաժամը ավելի խորանա և բերի, հասցնի պետականության կորստի, կա՛մ պետք է հունիսի 20-ին կանխենք այս իշխանության վերարտադրությունը և մեր երկիրը բերենք բնականոն զարգացման հուն»,-ասաց նա։
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միավորել են իրենց ուժերը, ասաց նա, ստեղծել «Հայաստան» դաշինքը, և մեր ժողովրդին առաջարկում են հնարավորություն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
«Մենք ունենք հնարավորություն, ունենք այդ ներուժը, դաշինքը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, ով իր անցած ճանապարհով, իր կյանքով, իր գործունեությամբ ոչ թե մեկ, այլ երկու անգամ ապացուցել է, որ, այո՛, ճգնաժամային կառավարիչ է, այո՛, ունի այդ որակները, գիտելիքներն ու փորձառությունը, որ իր քաղաքական թիմի, իր առաջկիցների հետ՝ ձեր օգնությամբ, ձեր աջակցությամբ, կարող է երկիրը ստեղծված իրավիճակից այս անգամ ևս դուրս բերել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ հունիսի 20-ը մեր պետության, պետականության ու ժողվրդի համար ճակատագրական օր է, և ՀՀ քաղաքացին այդ օրը սխալվելու, մոլորվելու, ստին, կեղծիքին տեղիք տալու պատճառ և հնարավորություն պետք է չունենա։
«Ակնկալում ենք ձեր աջակցությունը, ձեր վստահությունը մեզ, որպեսզի համատեղ ուժերով վռնդենք այս չարիքի կառավարությանը, և ստեղծենք ուժեղ Հայաստան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը