09 06 2021

Փաշինյանը փորձում է երկիրը տանել ներքին բախումների, նա ուզում է կրկնել «Մարտի 1»-ը․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Փաշինյանը փորձում է երկիրը տանել ներքին բախումների, նա ուզում է կրկնել «Մարտի 1»-ը․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Այլընտրանքային նախագծեր խումբը» հոդված է հրապարակել, որում անդրադառնում է երկրում ստեղծված իրավիճակին։ Հոդվածում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ չի կարողանալու պահել իշխանությունը և փորձում է երկիրը տանել ներքին բախումների։ Հոդվածը կարդացեք ստորև։

Նախընտրական քարոզարշավի երրորդ օրն է ընդամենը, բայց այն ընթանում է Նիկոլի կողմից քաղաքացիական բախումներ հրահրելու կոչերով։ Նա հասկանում է, որ չի կարողանալու պահել իշխանությունը և փորձում է երկիրը տանել ներքին բախումների։ Կա տպավորություն, որ նա «վա բանկ» է գնում։ Հաշվի առնելով նրա տեսակն ու փորձը, դա նրա համար այնքան էլ բարդ չի լինելու։ Այդ մարդը չի թաքցնում իր ծրագիրը. նա ուզում է կրկնել «Մարտի 1»-ը։ Նա այսօր ցուցմունք է տալիս, թե ինչպես է 2008-ին կազմակերպել «Մարտի 1»-ը։

Այսօր խնդիրը նրա ձեռքը բռնելն է։ Դա պետք է անենք բոլորովս։ Չի կարելի թողնել այդ գործը ինչ-որ մեկի վրա։ Կյանքը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր պարտավոր են դա անել՝ դատախազ, իրավապահներ, ուժայիններ, ԱԺ, քաղհասարակություն և այլն, չեն անում։ Առանձին-առանձին չեն անում, բայց միասնականորեն դա անել հնարավոր է։ Բռնել դրա ձեռքը, թույլ չտալ, որ տանի արյունահեղության։

Քարոզարշավի առաջին երկու օրերի նրա բացահայտ հայտարարությունները և վարքագիծը դա են վկայում՝ վրեժ, վենդետա, կադրային ջարդ, բոլորին պատժելու ենք և նմանատիպ արտահայտությունները, որ անում է նա համայնքից համայնք, ելույթից ելույթ, վկայում են, որ նրա սիրտը նոր «Մարտի 1» է ուզում, նոր արյուն։ Նրա համար արյունն իր գործունեության կոմֆորտ միջավայրն է։

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ՔՊ-ի և անձամբ իր ռեյտինգն օրեցօր ընկնում է, և իշխանության մնալու վերջին հույսը քաղաքացիական պատերազմն է, և նա ամեն կերպ փորձելու է հասնել դրան, ինչպես ամեն կերպ հասավ դրան 2008թ. «Մարտի 1»-ին՝ չլսելով անգամ ամենամտերիմների հորդորները։

Մեծ հաշվով, սա նման է մի իրավիճակի, երբ հանցագործը վերարտադրում էր իր հանցանքը։ Եվ եթե «Մարտի 1»-ին քաղաքական պատասխանատվությունն իշխանությանն էր, որը չարեց առավելագույնը՝ դեռևս հունվար-փետրվարին հետագա զարգացումները կանխելու ուղղությամբ, ապա իրավական մեղավորությունը Փաշինյանինն էր, որի հոգին փառավորվում էր, երբ իր կողմից ուղղորդվող մարդիկ ոստիկանների ձեռքից վահաններ և մահակներ էին վերցնում, և կոչ էր անում նրանց՝ զինվել քարերով ու փայտերով։ Հիմա՝ տարիների հեռվից, երբ երկիրն ունի, ցավոք, «փաշինյանական» մեծ փորձ, այդ զարգացումների ընթացքը շատ ավելի պարզ է հասկացվում։

Հոխորտալով քաղաքացիական վրեժի, քաղաքական վենդետայի և կադրային ջարդերի մասին, Փաշինյանը նմանվում է անկյուն քշված կենդանու, որն անում է իր վերջին ճիգերը, որոնք սակայն կարող են ճակատագրական լինել երկրի, հանրության և նաև իր կողքին կանգնողների համար, քանի որ նա դեռ իր ձեռքերում միանձնյա կենտրոնացած է պահում որոշակի պետական ռեսուրսներ։ Անգամ ամենաթույլ իշխանությունը, որը տիրապետում է կենտրոնացված ռեսուրսների, կարող է լուրջ վնասներ հասցնել երկրին և ժողովրդին։ Փաշինյանը համառորեն շարունակում է ժողովրդին այդ վնասները հասցնել հենց ժողովրդի անունից՝ նույնիսկ այս իրավիճակում պատասխանատվությունն իր վրայից դնելով իրեն վստահող և հավատացող մարդկանց վրա։

Նորմալ երկրում, աշխատող իրավապահ համակարգ ունեցող երկրում նա արդեն վաղուց մեկուսացված կլիներ, պետական համակարգի աշխատողները վաղուց արդեն տարանջատված կլինեին երկիրը հետևողականորեն փլուզողից։ Նորմալ երկրում նրա կողքին կանգնողները, թիմակիցները ծափերի փոխարեն կամ կբռնեին նրա՝ նոր արյունահեղության տանող խելագար ձեռքը, կամ կհեռանային նրանից, որպեսզի չկիսեն նոր «Մարտի 1»-ի պատասխանատվությունը։ Նորմալ երկրում միջազգային կառույցները, թեկուզ ձևականորեն, բայց արձագանքած կլինեին Փաշինյանի անհավասարակշիռ վարքագծին։

Դա՝ նորմալ երկրում, իսկ մեր նման կազմալուծված երկրում մնում է՝ համախմբվել բոլոր սթափ ուժերով, մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, չտրվել Փաշինյանի սադրանքներին, թույլ չտալ, որ նա հերթական անգամ ժողովրդին տանի արյունահեղության։

Հիմա ժամանակն է, որ.

Պետական համակարգը տարանջատվի նրա արյունոտ ծրագրերից։ Ուղղակի ասի՝ ես քեզ հետ չեմ՝ ԱԳՆ օրինակով։

Ուժային կառույցները, իրավապահները բռնեն նրա ձեռքը, կատարեն իրենց պարտականությունները։ Ուժայինները շատ լավ հասկանում են, որ Նիկոլը հրահրում է բախումներ, ու դեռևս ոչինչ չեն ձեռնարկում նրա դեմը առնելու համար։ Վաղը, երբ այդ բախումներն իրականություն դառնան, նույն ուժայիններն են կրելու ամենամեծ հարվածներն իրենց վրա։

ԳՇ հայտնի հայտարարության մեջ կար ձևակերպում՝ «...միաժամանակ նախազգուշացնում ենք՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»։»։ Հիմա ժամանակն է, որ հայկական բանակի հրամկազմը կոշտ հայտարարի, որ թույլ չի տա թե´ ուժի կիրառումը, թե´օլիգարխիկ բանդաների վայրագությունները, թե´ քաղաքացիական պատերազմի հրահրումը։

Բոլոր պատասխանատու մարդիկ, կազմակերպությունները, հեղինակավոր դեմքերն այսօր պարտավոր են խոսել։ Եթե դա չարվեց, ապա իրենց լռությամբ դառնում են հնարավոր արյունահեղության հանցակիցը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ