Հատված «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պետ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ «Մեդիամաքս» կայքին տված հարցազրույցից․
«Ընդամենը վերջերս մարզային այցելությունների ժամանակ հետաքրքիր երկխոսություն ունեցա Սպիտակում։ Մեր աջակիցների հետ հանդիպման ժամանակ բավականին մեծ թվով երիտասարդներ էին հավաքված՝ 20-30 տարեկան միջակայքում։ Տղաներից մեկին հարցրի՝ ինչն է իրեն բերել Քոչարյանի շտաբ, «Հայաստան» դաշինքին աջակցելու։ Հետաքրքիր բացատրություն տվեց։ Ասաց՝ պարոն Գևորգյան, իմ ծնողները միայն վերջերս են պատմել, որ Սպիտակ քաղաքը Քոչարյանն է վերակառուցել։
Այսինքն, այդ մարդկանց որևէ ձևով հնարավոր չէ մեղադրել։ Օբյեկտիվ է այդպես դասավորվել երիտասարդ սերնդի կյանքում։ Երբ Քոչարյանը պաշտոնը թողեց, իրենց մեծ մասը 10-15 տարեկան էր և չէին կարող հիշել։ Դպրոցական տարիներն էին, իրենց հասունանալու լրիվ ուրիշ հեռանկարներ ու առաջնահերթություններ են ունեցել, այլ ոչ թե ընթացիկ քաղաքական գործիչների զարգացումներին հետևելը։
Երկրորդը՝ հանրային հավաքական կարծիքը կամ հիշողությունը հետաքրքիր առանձնահատկություն ունի․ դրականը շատ շուտ մոռացվում է, բայց բացասականը երկար է ապրում, մնում ու խանգարում է առաջ գնալու, զարգանալու։ Բայց մենք պետք է հետևողականորեն ոչ միայն հիշեցնենք, թե ինչպես լավ է եղել, այլև՝ թե այն ժամանակ ինչպես ենք աշխատել, արդյունքներն ինչպես ենք գրանցել և ինչի շնորհիվ է դա տեղի ունեցել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը