28 05 2021

Որքան էլ պարզունակ է հնչում... Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին. Sputnik Արմենիա

Որքան էլ պարզունակ է հնչում... Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին. Sputnik Արմենիա

Վարչապետի պաշտոնակատարն իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ «նախկիններին» մեղադրել է խորհրդարանում ահաբեկչության կազմակերպման և Մեղրին Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մեջ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Մեղրին Ադրբեջանին հանձնելու մտադրության մասին` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին: ՀՀ նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց, որ Փաշինյանը «պարզապես ստում է»։

Ավելի վաղ Փաշինյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել էր, որ Քոչարյանը 1999թ.-ին նախագահ եղած ժամանակ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Մեղրիի շրջանը Ադրբեջանին հանձնելու հարցը: Այս նախագծին դեմ են արտահայտվել Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը։

«Որքան էլ պարզունակ է հնչում՝ վարչապետի պաշտոնակատարը պարզապես ստում է։ Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Քոչարյանի նախագահության օրոք Մեղրին հանձնելու հարց երբեք չի քննարկվել»,-ասաց Սողոմոնյանը։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարություններին, թե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ավելի ճիշտ՝ նրանց ենթակա ԱԱԾ-ն տեղյակ են եղել 1999թ․-ի հոկտեմբերի 27-ի նախապատրաստվող ահաբեկչության մասին, Քոչարյանի գրասենյակի ղեկավարը դա «հին ու դատարկ» խոսակցություն անվանեց։ Նրա խոսքով` եթե Քոչարյանը մասնակից լիներ դրան, ապա գործող իշխանությունն այս երեք տարիների ընթացքում ուղղակի հանգիստ չէր թողնի նրան, կսկսվեին նոր քրեական գործեր, դատաքննություններ և այլն:

1999թ․-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Հայաստանի Ազգային ժողովում։ Այդ օրը մի քանի ահաբեկիչ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել են խորհրդարանի շենք և հրազենով սպանել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյնաին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Կոտանյանին։

Ահաբեկիչների դատավարությունը սկսվել է 2001 թ․-ի փետրվարին և տևել է մինչև 2003 թ․-ի դեկտեմբերը: Ցմահ ազատազրկման է դատապարտվել վեց ահաբեկիչ, այդ թվում՝ խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը: Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ