Սահմանային վերջին միջադեպերը, մեր զինծառայողների գերեվարումն առաջին հերթին ցույց են տալիս ինչպես սահմանային հատվածում, այնպես էլ՝ վերջին ճգնաժամում Հայաստանի իշխանությունների տապալումները, ինչը մեզ թե ռազմական, և թե դիվանագիտական առումով խորը փակուղի է մղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Գերեվարման միջադեպի հետ կապված նշեմ, որ ինժեներական-սակրավորական աշխատանքների իրականացումը ենթադրում է անհրաժեշտ անվտանգության միջոցառումների իրականացումը:
Կախված այն հանգամանքից, թե այդ աշխատանքները ինչ բնույթ են կրում, ինչ պայմաններում են իրականացվում, թշնամուց որքան հեռավորության վրա, դրանց համապատասխան ապահովում է իրականացվում:
Սակայն գործող իշխանությունների՝ զինված ուժերին իջեցվող հրամանները, որոշումները, որդեգրած մոտեցումները քայքայում են նախկինում գործած և նման իրավիճակներում տրամաբանորեն գործող համակարգերը, ինչի արդյունքում Հայաստանը շարունակում է գահավիժել:
Մեկ բան պետք է հստակ արձանագրենք. քանի սրանք իշխանության են Հայաստանը շարունակելու է ստորանալ, զրկվել արժանապատվությունից ու անվերջ զիջել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը