Արտաքին գործերի նախարարության շենքից դուրս գալուց հետո «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճապազրույցում ասաց, որ հանդիպել են արգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի, բարձրացրել են հուզող հարցերը։
«Ի՞նչ է կատարվում իրականում մեր երկրի արտաքին սահմանների հետ, ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերել այս իշխանությունը ադրբեջանական կողմի հետ և ի վերջո ի՞նչ են պատրաստվում զիջել կամ ի՞նչ հերթական քայլեր են իրականացնում, որը կբերի Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի թուլացմանը»,- ասաց Արթուր Վանեցյանը, հավելելով, որ պատասխանները տարաբնույթ էին․
«Այն փաստաթուղթը, որը հրապարակվել է և հայտարարրվել է, որ կստորագրվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ըստ Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի՝ այն ինչ հրապարակվել է բացառապես այդ փաստաթուղթն է, որևէ այլ հավելված գոյություն չունի, բայց դա մեզ հիմք չի տալիս հանգստանալու և ասելու, որ նման փաստաթուղթ չկա, որովհետև մենք տեսանք, որ շատ դեպքերում տարբեր գերատեսչությունների պաշտոնական հայտարարությունները հերքվում են նաև նույն պետական գերատեսչությունների կողմից։ ԱԳՆ-ի կողմից 2-րդ փաստաթղթի գոյությունը բացառվել է, բայց մի պարզաբանմամբ, որ իրենք այլ փաստաթղթի մասին տեղյակ չեն։ Կա՞ նման փաստաթուղթ, թե՞ չկա օրինակ կառավարությունում կամ այլ գերատեսչություններում նրանք տեղյակ չեն․․․»,- ասաց Արթուր Վանեցյանը, հանդիպման մասին այլ մանրամասներ չհայտնելով, միայն հավելեց որ «Պատիվ ունեմ» դաշինքը հանդես կգա հայտարարությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը