17 05 2021

Բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքը Սեւ լճի տարածքում մի քիչ հետ պետք է գնար, ինչը չի եղել. Հովսեփյան․ NEWS.am

Բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքը Սեւ լճի տարածքում մի քիչ հետ պետք է գնար, ինչը չի եղել. Հովսեփյան․ NEWS.am

Իրավիճակն այնպիսինն է՝ ինչպիսին երեկ էր. բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքն այսպես թե այնպես պետք է մնար Սեւ լճի տարածքում, ուղղակի մի քիչ հետ պետք է գնար, ինչը չի եղել։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Նշենք, որ նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն  ավարտվել են եւ նախնական տեղեկություններով, ադրբեջանցիները պետք է հետ նահանջեն։

Այսօր Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը ասել էր, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածության,  ադրբեջանական ուժերը Սեւ լճի տարածքում ունենալու են 4 հենակետ, յուրաքանչյուրում 15-ական զինվոր եւ նրանք պայման են դրել, որ նույնքան (ոչ ավել) հենակետ/զինվոր կարող է ունենալ հայկական կողմը։

Մենուա Հովսեփյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս տեղեկությունը։

«Ես բազմաթիվ տեղեկություններ ունեմ, բայց այս պահին նպատակահարմար չեմ գտնում այդ մասին խոսել, քանի որ բանակցային գործընթացն ընթացքի մեջ է»,– ընդգծեց Մենուա Հովսեփյանը։

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ սկսած ամսի 14-ից՝ ադրբեջանական զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից։

«Նման պրոցես տեղի է ունեցել նաեւ երեկ երեկոյան, նաեւ նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ»,– ԱԽ նիստին հայտարարել էր Փաշինյանը, ապա ֆեյսբուքյան իր էջում գրել, որ Անվտանգության խորհրդի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ:

Հավելենք նաեւ, որ NEWS.am-ի հետ զրույցում այսօր Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ու Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի վարչական ղեկավարներն  ասացին, որ իրենց գյուղերի ուղղությամբ առաջխաղացում ունեցած ադրբեջանական զորքը հետ չի քաշվել եւ սահմանային իրավիճակը մնում է նույնը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ