03 05 2021

Մի դերասանի թատրոն. Panorama.am

Մի դերասանի թատրոն. Panorama.am

Panorama.am-ը ներկայացնում է Լիա Իվանյանի հոդվածը.

Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, ընդ որում՝ ապաշնորհ դերասանի։ Դերասանն այդ զավթել է մեծ բեմը և խաղում է իր սիրած դերը՝  թագավորի  դերը։ Նա  տեղում հորինում է  մենախոսություններ, նշանակում է թշնամիներ ու համախոհներ, իր հայեցողությամբ տանում է գործողությունների  ընթացքը։ Եվ   բացարձակ թքած ունի, որ հանդիսատեսն իրեն չի սիրում,  հոգնել ու  զզվում  է իրենից,  ձվեր ու հայհոյանքներն է նետում իր երեսին․․․ Նա մտել է դերի մեջ, նույնակացել է իր արքայական կերպարի հետ,  և հոգեբույժի զսպաշապիկից բացի ուրիշ ոչինչ չի կարող նրան վերադարձնել իրականություն։

Ողջ աբսուրդն այն է, որ այդ վայ «թագավորը» կարողանում է պարտադրել բոլորին խաղի իր կանոնները։ Հիմա էլ  հասել ենք  արտահերթ ընտրությունների արարին։ Այսօր դերասանն այդ խաղաց «ընտրվեմ-չընտրվեմ»  մենախաղի առաջին հատվածը։ Եվ սովորականի պես հոսեցին դատարկ խոսքերի հեղեղները, տափակ բացատրությունները, հակահարձակումներն  անցանկալի հարցեր ուղղողների դեմ․․․ Ո՜նց է հոգնեցրել այս ամենը։ Անշուշտ, արտահերթ ընտրություններ պետք են, բայց առանց Նիկոլի և իր խամաճիկների։ Նրանց ներկայությունն ինքնին  մեծ վիրավորանք է Հայաստան աշխարհին։

Ձևական հրաժարականի  ու   խորհրդարանի  ձևական ինքնալուծարման ետևում Սյունիք ենք կորցնում, ահազանգեր են հնչում, որ հունիսին Ստեփանակերտը ևս անցնելու է ադրբեջանցու  տիրապետության տակ․․․ Աբսո՞ւրդ է թվում։ Չմոռանանք, որ սեպտեմբերից հետո կյանքը ցույց   տվեց ամենից անհեթեթ հակահայ մտքերի իրականցումը։ Օրինակ, աբսո՞ւրդ չի, որ պարտված պատերազմի մեղավորներից մեկը, ով 44 օր «հաղդելո՛ւ ենք» ամենօրյա   կարգախոսով մոլորության մեջ գցեց ժողովրդին, այսօր Լոս-Անջելեսում  գիրք է հրատարակում և սիգար է վայելում։ Քո տեղը բանտում է ախր, ստախո՛ս,  որտեղ որ նաև քո տերերի տեղն է։

Աբսուրդ է, որ տերերն այդ դեռ ազատության մեջ են, ավելին՝ մտածում են, որ ծախած-պարտված պատերազմը մարսեցին, պատժից  պլստացին և  նախընտրական –ընտրական աժիոտաժով կբթացնեն զոհերի ու կորցրած տարածքների ցավը։ Գուցե այդպիսի մոռացկոտ  ապագայի մասին են երազել  «Ապագա կա՛» նախընտրական կարգախոսը հորինած նիկոլականները։ Սխալվում են, ինչպես միշտ։ Չկա և չի կարող լինել  ապագա, որտեղ անպատիժ կմնան հայրենիքին  և ժողովրդին անբուժելի վերքեր պատճառած դավաճանները։ Ո՛չ երբևէ զավակ կորցրած ծնողի վիշտը կամոքվի, ո՛չ երբևէ ոտք ու աչք կորցրած երիտասարդի ցավը կանցնի, ո՛չ երբևէ իր տունն այրածը փախստականը կմոռանա իր տան ծխահոտը․․․ այս վերքերը  երբեք չեն սպիանում։

Հեգնանք է այդ կարգախոսն ինքնին, որովհետև Նիկոլի ներկայությունը բացառում է անվտանգ ապագայի որևէ պատկեր։ Արդեն միայն հիմարը չի տեսնում, որ քանի դեռ այս ուժն է իշխանության՝  Հայաստանը  միայն կորցնելու է։

Ե՞րբ պիտի վերջապես ավարտվի այս   մղձավանաջային  մենախաղը, ե՞րբ պիտի վերջապես   չտեսնենք ու չլսենք  երեք տարի երկիրը քանդած այդ դավաճանի դեմքն ու ձայնը, ե՞րբ պիտի վերջապես դադարենք օրական  չսպասել  հերթական աբսուրդներին, ե՞րբ պիտի վերջապես ապրենք աննիկոլ Հայսատանում, որտեղ  ապագա կա միայն  առանց այսօրվա լակոտակրատների։
 
Լիա Իվանյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ