26 04 2021

Օրենքի ոգուց բխում է, որ վարչապետի՝ պաշտոնակատար մնալը սխալ է․ Տարոն Սիմոնյան



Օրենքի ոգուց բխում է, որ վարչապետի՝ պաշտոնակատար մնալը սխալ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Ունենք պրակտիկա, գործնականում 3 տարի առաջ եղել է այնպես, որ ժամանակավոր պաշտոնակատար եղել է նույն անձը. այսինքն՝ պրակտիկան ձեւավորված է։ Այն ժամանակ այդ հարցը ոչ ոք չբարձրաձայնեց, գուցե քաղաքական միջավայրն այնպիսին էր, որ չեղավ։ Ցավոք սրտի, մշակույթն այդ ճամապարհով է զարգացել, որը կարծում եմ՝ սխալ է։ Կարծում եմ՝ սխալ կլինի հիմա սա դարձնել նոր քննարկման առարկա, քաղաքական միջավայրը ծանրաբեռնենք այս քննարկումներով։ Օրենքից ոգուց բխում է, որ դա սխալ պրակտիկա է։ Սա ուղղակի հոդվածի բովանդակությունը բացահայտելու ջանք է. ով ոնց ուզում է՝ մեկնաբանում է։ Մասնագիտականը պահանջում է, որ երբ անձը հրաժարական է տալիս, նշանակում է՝ այդ անձը չպետք է այդ նույն գործառույթները կատարի, ինչ-որ մինչեւ հրաժարական տալը՝ կատարում էր. հրաժարական տալու իմաստը դրանում է»,- նշեց Սիմոնյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ