23 04 2021

Վերջաբանում հատկապես անկեղծացա՝ ակնկալելով ոչինչ. Արփինե Հովհաննիսյան

Վերջաբանում հատկապես անկեղծացա՝ ակնկալելով ոչինչ. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը գրում է.

Երեք տարի առաջ այս օրը ինձ համար շաատ հարազատ ու թանկ մարդու թաղման օրն էր: Անձնական ողբերգություն, որից պիտի սկսեր գլոբալ ողբերգության իմ գիտակցումը:

Ս.Սարգսյանի հրաժարականից հետո Ազգային ժողովից մի կերպ էի հասել եկեղեցի: Սպասում էինք հանգուցյալ հարազատիս: Պարզվեց` ինչ որ էակներ փակել են մեքենայի ճանապարհը, որը դժվարացրել է նրա դիակը եկեղեցի բերելը: Դժվարացրել էր շատ մեծ թվով մարդկանց եկեղեցի գալը: Մարդիկ խառն էին` երկիր էին քանդում, բայց մտածում էին, որ կառուցում են:

Ես մտածում էի` ինչ եղավ մարդկանց, ինչը պետք է ստիպի հարգանք չունենալ մահվան նկատմամբ: Երեք տարի անց հասկացա` մահ բերողը մահից չի վախենում: Նա դրանով ապրում է: Դուք ասում եք հայհոյանքից չի նեղվում, ես ասում եմ մահից ու մահվան պատճառ լինելուց չի նեղվում....

Մեկ շաբաթ հետո, երբ ապագա կապիտուլյանտը ԱԺ-ում պատմում էր իրենց սիրո ու համերաշխության մասին, ես նրան հարց էի ուղղում տեղի ունեցածի մասին ու ասում թե արդյո՞ք դա սիրո դրսևորում էր: Նա ոչինչ չասաց, չցավակցեց, չասաց գլուխները պատով են տվել, չասաց ոչ անձամբ ու ոչ էլ հատկապես` հրապարակային: Նա արբած էր` բուն ու փոխաբերական իմաստով:

Դրսում հավաքվածները իմ հուզմունքը համարեցին ֆեյք, չհավատացին դրան, մտածեցին անգամ հորինել եմ հարազատի մահվան պատմությունը:

Հետո հասկացա` ինչու չդատապարտեց, ինքը հաջորդ օրը իրեն չընտրելու համար խուլիգանների բանդաներ պիտի ուղարկեր իր երբեմնի գործընկերների տուն` դագաղներով, հայհոյանքներով, սպառնալիքներով: Նա մահ էր գուժում ու բերեց մահ:

Ս. Սարգսյանի հրաժարականի ու նիկոլի ընտրության միջև ընկած ժամանակահատվածում ամենաշատը լսածս բառերն էին. «Քո ինչին է պետք, կանգնիր ժողովրդի կողքին, դու խնդիր չունես, դու կունենաս մինիմումը պաշտոնների, որ ունեցել ես, այդ մարդկանց իշխանությունը ավարտվել է, դուրս արի փողոց ու տես` նիկոլը ոնց որ ռոք աստղ լինի, կինոն ավարտված է և այլն և այլն»: Մի մասը անկեղծ էր ասում, նույնիսկ ատելությունից մթագնման փուլում համարում էր, որ ես ու իմ ընկերների զգալի հատվածը կապ չունի 30 տարվա արատների ու սխալների ու ոչ սիրելի դեմքերի հետ:

Ով կմտածե՜ր, որ ժողովրդին թալանած օլիգարխից մինչև խոշոր սեփականատեր մի փոքրիկ քայլ էր ու այդ քայլը աննայի բարեհաճ ժպիտն էր` հերթական խոշոր գումարից հետո, ով կպատկերացներ, որ նախկին թալանչիից մինչև գործող կառավարության անդամ մի քայլ է ու այդ քայլը նիկոլով հիանալն ու հավատարմության երդումն է:

Ու ամեն հաջորդ փուլում, ես շարունակում էի լսել, « իսկ ամենաշատը քե՞զ է պետք, որ էդքան քննադատում ես, իսկ դու ինչի համար ես պայքարու՞մ, տեսե՞լ ես, որ բոլոր ձեր փողատերերը նիկոլի հետ են, ինքը մինիմում տաս տարի կմնա, չե՞ս ուզում պետությանդ, երկրիդ օգնե՞լ և այլն, և այլն»:

Ուզում էի բղավել, որ շատ եմ ուզում, ավելին` եղել են դեպքեր, երբ օգնել եմ, բայց դրանք դետալներ են գլոբալ կործանարար ընթացքի մեջ, իսկ ես զգում էի, որ ընթացքը տանում է դեպի անկում: Բարձրաձայնում էի, չնայած սարսափելի լուտանքներին, վիրավորանքներին, մի օր էլ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ես պայքարել եմ նաև ինձ հայհոյող այն կնոջ համար, ում որդին կյանք տվեց հայրենիքի համար.....

Ես պայքարում էի հանուն Հայաստանի, իմ մասին ասում էին հանուն Սերժի է, ես պայքարում էի սկզբունքներիս ու պատկերացումներիս համար, իմ մասին ասում էին կերակրատաշտից է կտրվել, ես պայքարում էի գաղափարի համար, ասում էին` հանուն փողի է:

Մի օր կգա ու ես կասեմ, գուցե ես էլ իմ մեղքի բաժինն ունեմ նրանում, որ նիկոլն այն վերջինն էր, ում հավատացին այսքան կուրորեն, որ հիմա ոչ ոքի չեն ուզում հավատալ: Նրանք հիասթափվել են նիկոլից ու սպասում են ավելի լավին, նրանք նիկոլից խաբվելու պատճառով, կործանում են ոչ թե նիկոլին, այլ Հայաստանը...... չեն ուզում դա անել, չհասկանալով են անում, բայց անում են:

2018-ին մեր դժբախտություններից մեկն էլ գուցե այն էր, որ 30 տարվա մեջ չէինք փայփայել գեթ մի հեղինակություն, որ կխոսեր մարդկանց հետ, ում կլսեին շատ շատերը....«բոլորը վատն են» տեխնոլոգիան արել էր իր գործը:

Ու ոչնչությունն էլ արեց իր գործը, տիրեց մարդկանց հոգիներին, արթնացրեց մարդկանց մեջ ատելությունը ու սկսեց իշխել.... Իշխել, որ հարստանա, իշխել, որ քանդի, իշխել, որ սպանի: Ու սպանեց: Հազարների: Բառի ուղիղ իմաստով: Ու հիմա իր քաղաքական հոգեվարքը դարձրել է Հայաստանի հոգեվարքը:

Հետևություններ, ցավոք, արել են քչերը: Սև սպիտակն ամենուր է: Կուսակցապետերի խելահեղ մրցավազքը, իրար խանգարելը, անսպառ փիառը, պետության անունից պետության անկման նպաստելը ամեն օր կարելի է տեսնել:

Բանն այն է, որ նիկոլի ֆոնին բոլորը հերոս են: Ներսում` հատկապես: Բոլորը հայրենասեր են: Բոլորն այլևս ազնիվ ու անմեղ: Ու հենց այստեղ գուցե փնտրենք շատ մարդկանց վերաբերմունքը ու ընդդիմությանը չհավատալու պատճառները: Նկատի չունեմ նիկոլի գիտակցաբար կատարած սպանդն անմտորեն արդարացնողներին, նկատի ունեմ հիասթափված ու անտարբեր դարձածներին: Բոլորը համաձայն են, որ նիկոլը դավաճան է, բայց չեն ուզում հավատալ, որ x-ը, y-ը z-ը փրկիչ են:

Նիկոլն անմրցելի է: նիկոլը դավաճան է: Համաշխարհային պատմության բոլոր կապիտուլյանտների, բոլոր բռնապետերի հետ համեմատել չես կարող: Անգամ ամենավատթարները ունեցել են գաղափար, հանուն որի արել են ինչ որ բան ու հետո պատասխան են տվել դրա համար իրենց կյանքով: Սա ուրիշի կյանքերով պատասխան տվեց իր տգիտության ու նախանձի, փառասիրության ու չարության համար:

Այս մտքերը ինձ հանգիստ չեն տալիս, այս ամենով ես ապրում եմ արդեն մի քանի ամիս, իմ կյանքն իսկապես էլ նախկինը չի, ես հանգիստ չեմ քնում, հանգիստ չեմ արձագանքում, բառապաշարս կոշտացել է, որովհետև բառերը ունակ չեն լինում արտահայտել այն ինչ զգում եմ, ես կուզենայի ճիշտ հասկացվել, մարդկանց հասկացնել շատ բան, խոսել անկեղծորեն, կուզենայի հետ բերել երեխեքին... բայց ավաղ.....

Կան բաներ, ինչը ես չեմ ներում նախիններին, նիկոլին ու ինքս ինձ, բայց այս մասին` շուտով:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ