23 04 2021

Փախի՛ր, կորի՛ր, չքվի՛ր, անհետացի՛ր, հեռացի՛ր․ Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանին

Փախի՛ր, կորի՛ր, չքվի՛ր, անհետացի՛ր, հեռացի՛ր․ Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանին

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում Նիկոլ Փաշինյանին կոչ է անում օր առաջ հեռանալ։ Գրառումը՝ ստորև․

«Թշնամիներով շրջապատված և ոչ մի բարեկամ չունեցող Փաշինյանին

Կապիտուլյացիոն հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրելուց անցել է ավելի քան վեց ամիս։ Մեր ժողովրդի պատմության այդ ամենախայտառակ օրը նա կարծես հասկացել էր իր գործած հանցանքի չափը և փախել ու պատսպարվել էր ՀՀ պաշտպանության նախարարության բունկերում՝ վախենալով ժողովրդի ահեղ դատաստանից։ Ժամանակի ընթացքում նրան թվաց, թե կատարվածն այլևս անցյալում է և կարող է վերադառնալ նորից բնականոն կյանք և ապրել ու գործել անցյալի նման։ Իր շուրջը խմբված մարդիկ, որոնցից շատերը, հասկանալով այդ մեղքի մեջ իրենց բաժինը, նրանով իրենց պաշտպանվելու բնազդից դրդված, չեն կարողանում նրան բերել օբյեկտիվ իրականություն և հուշել ճիշտ ճանապարհը։

Այսօր Նիկոլ Փաշինյանը շրջապատված է միայն թշնամիներով՝ իր տիկնոջից սկսած մինչև իր թիմակից համարվող կառավարության անդամներ, պատգամավորներ և այլն։ Նա չունի և ոչ մի բարեկամ, որը նրան բարեկամաբար կհասկացնի, որ կատարվածը ներում ունենալ չի կարող։ Ավելին՝ ուժով, բռնությամբ, ոստիկանական կամ հատուկ ծառայությունների իշխանական լիազորություններով, զենքով ու զորքով ժամանակ երկարացնելը թվացյալ օգուտ են միայն, որոնք իրենց մեջ ավելի մեծ վտանգներ են պարունակում։ Ոչ մի գործընթաց, ոչ մի ընտրություն, ոչ մի ուրիշ այլ քայլ չի կարող շտկել կատարվածը։ Ուզում ես ողջ մնա, ուզում ես՝ մեռած, ուզում ես ապրի հարյուր քսան տարի, միևնույն է դրանից կյանքը և օբյեկտիվ իրականությունը չի փոխվելու, զոհված հազարավոր երիտասարդները հարություն չեն առնելու, որբացած մանուկների աչքերն այլևս չեն փայլելու, կորսված Հայրենիքը հետ չի բերվելու, ադրբեջանցիները Սյունիքի դարպասների մոտից հետ չեն գնալու․․․։ Այն ինչ դու ես արել չի կարող ներվել։ Մի գուցե ուժով ու սպառնալիքով դու հիմա փորձես լռեցնել մարդկանց, մի գուցե անսպասելի և աներևակայելի ցավի ուժից մարդիկ ինչ-որ պահ չզգան ու չհասկանան իրենց հետ կատարվածն ու կատարվողը, մի գուցե փորձես իշխանական լծակներով տարածվող կեղծ տեղեկություններով փորձես փնտրել «մեղավորների», բարդես մեղքը այլոց վրա, բայց միևնույն է, դա չի հաջողելու։ Սա ուրիշ մի բան է։ Սա սովորական ձախողում չէ, սա պատմական կորուստ է և այդ ամենի հեղինակը դու ես, միմիայն դու՛։

Քեզ իշխանության մնալու հարցում «աջակցող» մարդիկ քո ամենամեծ թշնամիներն են։ Քո իշխանության մնալու ամեն մի օրը ավելի մեծացնելու է մարդկանց ատելությունն ու ցասումը, այն չի մարվելու, օբյեկտիվորեն չի կարող չհասունանալ ու չհասնել վրեժի։ Վերջին պահին քո կողքը կանգնած «բարեկամներից», «ընկերներից» ու «թիմակիցներից» ոչ ոք չի մնալու։ Նոյեմբերի 10-ին նրանք չկային արդեն։ Այս խաբուսիկ վիճակը առավել քան վտանգավոր է դարձնում յուրաքանչյուր հաջորդ օրը։

Ես քեզ ո՛չ ընկեր եմ, ո՛չ թիմակից և ո՛չ բարեկամ։ Բարեբախտաբար այդպիսին չեմ եղել երբեք։ Բայց ինձնից լավ խորհրդատու դու չես ունեցել ու չես կարող ունենալ։

Հեռացի՛ր։ Հեռացի՛ր հիմա, ինչքան կարող ես շուտ։ Փրկի՛ր և՛ կյանքդ, և՛ հնարավորություն տուր մեզ՝ փրկելու մեր կյանքներն ու մեր երկիրը։ Դու օբյեկտիվորեն չես կարող ոչ մի լավ բան ստեղծել ու արարել։ Պետություն ղեկավարելը վեր է քո ինտելեկտուալ, կազմակերպական, թիմային և այլ կարողություններից։ Քո իշխանության ամեն նոր օրը մահ ու վիշտ է բերում բազմաթիվ մարդկանց։ Նրանք մի օր կգան գիտակցության, կգան միանգամից, կգան հանկարծակի։ Մի՛ հավատա ցնորքին, որ երբևէ դու կարող ես նորից հարգանք ու սեր վայելել։ Քո ամենամեծ մեղքը մարդկանց մեջ եղած հույսերն ու հավատը կործանելն էր։ Առանց հույսի և հավատի ապրող մարդուն ոչինչ կանխել ու կանգնեցնել չի կարող։ Մի՛ դարձրու հազարավոր ոստիկաններին և ուժայիններին մեր ժողովրդի թշնամին։ Մեղք են նրանք, մեծ հարված են ստանալու ու միևնույն է չեն կարողանալու փրկել քեզ։ Նրանք կարող են ինչ-որ մի ժամանակ պաշտպանել քեզ, բայց փրկել չեն կարող։ Ոչ ոք չի կարող։

Փախի՛ր, կորի՛ր, չքվի՛ր, անհետացի՛ր, հեռացի՛ր․ ընտրի՛ր այս և այլ հոմանիշներից որը կուզես, բայց մի մնա։

Բնության դեմ բոլոր մարդիկ անզոր են։ Միևնույն է այն ինչ պետք է լինի՝ լինելու է։ Խելացի մարդիկ դա հասկանում են և անում այնպես, որ կատարվելիքը լինի նաև իրենց կամքով։

Քո շրջապատի բոլոր թշնամիներից մի պահ կտրվի՛ր և լսի՛ր քեզ ոչ բարեկամի ամենաբարեկամական խորհուրդն ու հորդորը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ