Հավաստի տեղեկություններ են ստացվել, որ այսօր Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այցելության ժամանակ տեղի ունեցածի կապակացությամբ իրավապահ մարմիններին հրահանգ է իջեցվել ցանկացած գնով ձերբակալելու Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին և իր կնոջը: Այս մասին հայտարարություն են տարածել Հակոբյանի փաստաբաններ Ժիրայր Ղարագյոզյանը և Էրիկ Ալեքսանյանը:
«Նման բան տեղի ունենալու դեպքում անկասկած կարձանագրվի հերթական քաղաքական հետապնդման փաստը, որը միտված է սեփական քաղաքական հայացքների համար քաղաքական գործչի և իր մերձավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչը բազմիցս նշել ենք, որ անթույլատրելի է: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ օրենքով չարգելված ցանկացած եղանակով հետամուտ ենք լինելու մեր վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը: Պայքարը ներքին թշնամու դեմ շարունակվում է, սակայն մոտ է իր բնականոն հանգուցալուծմանը»,- ասված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը