13 04 2021

Սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան

Սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան

Իրավասու պետական մարմինները և պետական պաշտոնատար անձինք պատերազմի ժամանակ պարտավոր են առաջնորդվել ստորև նշված իրավակարգավորումներով և իրենց լիազորությունների շրջանակում առավելագույնը անել՝ դրանցում նշված նպատակներին հասնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

Նա, մասնավորապես, գրել է․

«1. ՀՀ օրենքը «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» հոդված 1-ին՝

«Ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ և թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում»:

2. ՀՀ օրենքը «Պաշտպանության մասին»՝

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական-իրավական ձևից` կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:

3. Հրամանատարի որոշումը պաշտպանության մասին: Ցանկացած մակարդակի հրամանատար սկսած ջոկի հրամանատարից մինչև բանակի հրամանատար, ունենում է ընդունված որոշում հաստատված վերադաս հրամանատարի կողմից պահպանության կամ պաշտպանության իրեն վստաահված հատվածում թշնամու կողմից գործողություններ սկսելու դեպքում համապատասխան գործողությունների դիմելու մասին:

Ստորև տեղադրված նկարում պատկերված անձինք պատասխանատու էին 44 օրյա պատերազմի ընթացքում այս իրավակարգավորումների, ինչպես նաև տասնամյակներով մասնագետների կողմից մշակված պաշտպանության պլանի իրագործման համար:

Այժմ հարց. արդյոք սույն անձինք լինելով պատասխանատու՝ վերը նշված կարգավորումներում նշված պահանջները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար քրեաիրավական և «բարոյագիտական» իմաստներով մեղավոր են պատերազմում կրած պարտության, չարդարացված մարդկային, տարածքային և այլ կորուստների համար, թե՝ ոչ:

Ի վերջո սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ