13 04 2021

Ջալալ Հարությունյանից հրաման է եկել, որից հետո շուրջ 73 զինվորի տարել են դիտավորյալ սպանության. Սոֆյա Հովսեփյան

Ջալալ Հարությունյանից հրաման է եկել, որից հետո շուրջ 73 զինվորի տարել են դիտավորյալ սպանության. Սոֆյա Հովսեփյան

Ես երեկ ԱԺ-ում հանդիպել եմ Արցախի Մարտունի 3-րդ պաշտպանական զորամասի 7-րդ վաշտի 73 ծնողների հետ, որոնք մեկ նամակ են փոխանցել ինձ և խնդրել են բառացի կարդալ ամբիոնից, և ես պետք է այստեղից հնչեցնեմ այն առաջարկը, պահանջը, որ ծնողները նամակով հանձնել են ինձ: Այս մասին ապրիլի 13-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ նշեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Պատգամավորը ներկայացրեց նաև այն պահանջը, որը ծնողները նամակով իրեն են փոխանցել. «Մենք՝ 67 սպանված և 6 անհետ կորած զինվորների ծնողներս, պահանջում ենք ԱԺ կուսակցություններին և պատգամավորներին լսել մեր խնդիրը և պատասխան տալ՝ որպես ՀՀ բարձրագույն մարմին: Մինչև հոկտեմբերի 10-ը երեխաները գտնվել են մարտական դիրքերում՝ Մարտունի 3-ում: Հրաման է եկել Ջալալ Հարությունյանից, որ կոնկրետ այդ պոստերում հարձակում է սպասվելու և խաբելով՝ տարել են ապահով վայր, սակայն որոշումը եղել է կոնկրետ Հադրութ տեղափոխել, որը հանձնված է եղել հոկտեմբերի 9-ից, բայց վաշտը տեղափոխել են հոկտեմբերի 11-ին:

Պահանջում ենք բոլոր պատգամավորներից և պետական մարմիններից գործը քննչական մարմիններից տեղափոխել ԱԱԾ-ի տիրույթ, կազմել քննչական խումբ և անմիջապես զբաղվել այս դիտավորյալ սպանության բացահայտմամբ»,- կարդաց Սոֆյա Հովսեփյանը:

Պատգամավորը նաև նշեց՝ ծնողները հստակ ասել են, թե ովքեր են այս գործի պատասխանատուները՝ Ջալալ Հարությունյանը, գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը, գումարտակի հրամանատար Մխիթար Ավանեսյանը, Հադրութում կորպուսի հրամանատար Կարեն Առուստամյանը, ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ