08 04 2021

13 տարվա թունավորման պատասխանատուները, այս 3 տարվա գործ կարողները պետք է պատժվեն․ Վիկտոր Սողոմոնյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով շուրջ երեք տարի ընթացող դատավարական պրոցեսները բաժանում է երկու մասի՝ իրավական և քաղաքական։

«Հենց առաջին օրից բոլոր իրենց հարգող իրավաբանները ասում էին, որ այս գործը պարզապես մտացածին է և անգրագետ կարված՝ իրավական տեսանկյունից, ինչը հետզհետե ապացուցվեց։ Հիշենք, որ ասում էին՝ սա մարտի 1-ի սպանությունների մասով գործ է, հետո պարզվեց, որ այդպես չէ, հետո պարզվեց սա բանակը ներգրավելու հետ կապված գործ է, դա էլ հերքվեց, ի վերջո մնացել էր մեկ հարց՝ արդյո՞ք նախագահը իրավունք ուներ արտակարգ դրություն մտցնելու 20 օրով Երևանում։ Սա այն դեպքում, երբ շուրջ մեկ տարի է՝ Հայաստանում արտակարգ և ռազմական դրություն է․․․ Այս հարցում էլ երևաց, որ անգրագետ կարված մի իրավական թնջուկ էր, որը լուծվեց հիմա»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով, որ այդքանով կարելի էր ավարտված համարել հարցը, եթե չլիներ քաղաքական մասը։

Հիշեցենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Մարտի 1-ի կամ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատարանը հանցագործության դեպքի բացակայության հիմքով դադարեցրեց քրեական հետապնդումը նաև Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ։

Ըստ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի, հասարակությանը շուրջ 13 տարի պառակտել և թունավորել են այն մտքով, որ Ռոբերտ Քոչարյանը կառավարաման վերջին օրերին սահմանադրական կարգ է տապալել, կամ ժողովրդի ձեռքից խլել են իրենց թեկնածուի հաղթանակը։ «13 տարի հասարակությունը սրանով թունավորվել է և հիմա, ինչպես մենք տեսնում ենք, ոչ միայն տեղական միջոցներով են դա արել, այլ նաև օտարերկրյա զգալի ռեսուրսներ են դրվել այս թունավորումը իրականացնելու համար»,- նշեց Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ