31 03 2021

Նախադեպն ավելի վտանգավոր է դառնում, երբ տուժող հայկական կողմն է հաշտվում իրավիճակի հետ․ Սիմոնյան

Նախադեպն ավելի վտանգավոր է դառնում, երբ տուժող հայկական կողմն է հաշտվում իրավիճակի հետ․ Սիմոնյան

ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանաթուրքական կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները (ագրեսիա, պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ էթնիկ զտումներ, խոշտանգումներ, վարձկանների օգտագործում, ահաբեկչություն և այլն) տարածաշրջանում և ընդհանրապես՝ միջազգային հարթակում ստեղծել են լրիվ նոր իրավիճակ։

Մի կողմից խնդրով հետաքրքրված գրեթե բոլոր պետություններն ու միջազգային կազմակերպություններն ընդունում են, որ Ադրբեջանը կատարել և կատարում է միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, մյուս կողմից վերջինիս նկատմամբ ոչ մի հետևանք չեն առաջացնում։ Ավելին, խոսում են «մոռանալու, հաշտվելու և տարածաշրջանում նոր բարեկամական կյանք սկսելու» մասին։

Սա վտանգավոր նախադեպ է, քանի որ ուղղակիորեն հակասում է միջազգային իրավակարգի էությանն ու անգամ՝ դրա գոյությանը։

Միջազգային իրավունքում գոյություն ունի ex injuria jus non oritur սկզբունքը, համաձայն որի անօրինական գործողություններն իրավունք չեն ստեղծում։

Հետևաբար, եթե Արցախյան խնդրի լուծմանը ներգրավված կամ դրա լուծմամբ շահագրգրված պետություններն ու կազմակերպությունները փաստում են, որ այսօրվա իրավիճակը ստեղծվել է միջազգային իրավունքի կոպիտ խախտումների արդյունքում, ապա չպետք է ընդունեն այն որպես իրավաչափ, օրինական կամ այլ կերպ ընդունելի։

Նախադեպը շատ ավելի վտանգավոր է դառնում, երբ հիմնական տուժողը՝ հայկական կողմը՝ ինքն է հաշտվում այս իրավիճակի հետ՝ սահմանների որոշակիացման, ճանապարհների բացման և համատեղ օգտագործման, իրավաչափ պահանջներից հրաժարման և այլ գործողություններով։

Պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո՝ ամեն օր, հայկական երկու պետությունները պետք է ամբողջ աշխարհին ներկայացնեն ադրբեջանաթուրքական հանցագործությունները՝ որպես սպառնալիք միջազգային անվտանգությանը, քանի որ այս «լուռ համաձայնության վտանգավոր նախադեպը», որ այսօր զարգացվում է, ի վիճակի է քանդելու առանց այն էլ փխրում միջազգային ամբողջ իրավակարգը։

Սա չանելը կամ գործողություններով այլ կերպ այս նախադեպին նպաստելը հավասարազոր է համաձայնելու և արդարացնելու ադրբեջանաթուրքական կողմի ագրեսիան, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ