23 03 2021

Պետական մտածողության մասին․ Լիա Իվանյանի հոդվածը․ Panorama.am

Պետական մտածողության մասին․ Լիա Իվանյանի հոդվածը․ Panorama.am

Հրապարակախոս Լիա Իվանյանը Panorama.am-ը գրում է․

«Ինչքան հիշում եմ, անընդհատ լսել ենք  այն տեսակետը, որ հայերը չունեն պետական մտածողություն, քանի որ դարերով չեն ունեցել պետություն։ Սակայն արդեն երեք տարի գնալով ավելի է ամրանում հակառակը՝ իսկ գուցե պետություն չե՞նք ունեցել, որովհետև պետական մտածողություն չունենք։ Ու երևի երբեք էլ չենք ունեցել։ Եթե ունենայինք,  անընդհատ նույնանման կորուստների առաջ չէինք կանգնի․․․ օրինակ  ինչպե՞ս 2020-ին Ադրբեջանին անցավ երբևէ ադրբեջանական չեղած Հադրութը, ինչպես որ հարյուր տարի առաջ Թուրքիային նվիրվեց Սուրմալուն, որը երբեք թուրքական չէր եղել։

Լավ, ենթադրենք հարյուր տարին հեռու էր, կարող ենք մտածել՝ այլ սերունդներ և այլ ժամանակներ են եղել, տեղեկացվածության ծավալներն ու արագությունը նվազագույն էին, բայց ախր հիմա էլ նույնն ենք մնացել՝ պարփակված սեփական բարեկեցությունն ու անվտանգությունը հոգալու կաղապարում։  Մեր մտածողությունը  սեփականի ահմաններից դուրս չի գալիս, հետևաբար և պետական չի դառնում։

Եվ ցավն այն է, որ ոչ միայն  նախորդ սերունդների սխալներից դասեր չենք քաղում, այլ բաց աչքով   պատրաստ ենք կրկնել  նույն հիմարությունը  ընդամենը  երեք տարվա  ընթացքում։   Ոնց կարելի է նորից լսել իշխանությունը բռնազավթած նիկոլականների  անվերջանալի ստերը։  Ոնց կարելի է թույլ տալ, որ  օդի մեջ նշանակված ընտրություններով շեղեն հանրապետության առաջ կանգնած թիվ 1 խնդրից՝  Նիկոլից և իր թիմից օր առաջ ազատվելու հրամայականից։   Մարդն ինքն իր բերանով  կանխատեսում է  իր տեղը՝ գնդակահարության պատը, հաստատ վստահ լինելով,  որ մինչև իրենից ազատվել ցանկացողները սահմանադրական-օրենսդրական ուղիներով իրեն  հասցնեն այդ պատի տակ՝ ինքը գեղական մեթոդներով նրանցից կազատվի։

Հայաստանին նիկոլիզմի հասցրած    բազմաթիվ  արհավիրքների շարքում սկիզբ դրվեց նաև մի ճակատագրական հարվածի՝ հայի մտածողությունից փորձեցին  վերացնել վերջին 30 տարում սաղմնավորված պետական մտածողության ծիլերը։ Գուցե  նաև այդ մտածողության բացակայությամբ էր  պայմանավորված նրանց աջակցության դուրս եկած լայն զանգվածների  առկայությունը։ Եթե հետին թվով նայենք 2018-ից հնչած խոստում-լոզունգ-փափուկ բարձերին, ապա բոլորն ուղղված էին անձի «ես»-ը շոյելուն, սեփական բարեկեցությունն ու ինքնագնահատականը բարձրացնելուն․․․ բայց փոխարենը ստացան ծախած պատերազմ, հետկապիտուլյացիոն մղձավանջային շրջան, մինչև վերջին օղակները թուլացրած պետություն։

Փրկությունը պետական մտածողությամբ մարդիկ և ուժերն են, որոնք կան և որոնց շնորհիվ է դեռևս պահպանվում  պետությունը։ Միանգամից են առանձնանում այդ մարդիկ։ Օրինակ, Սահմանադրական դատարանում  այսօր սկսվեց Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննությունը։ Դատավոր Արևիկ Պետրոսյանն առաջարկեց հարցը բանավոր քննել,  և  կողմ ու դեմ ձայները բախշվեցին հավասար։  

ՍԴ դատավորներ Ա. Պետրոսյանը, Ա.Խաչատրյանը, Ա.Թունյանը և Հ.Թովմասյանը կողմ էին բանավոր ընթացակարգին, իսկ Է.Շաթիրյանը, Ե.Խունդկարյանը, Ա.Դիլանյանը և Վաղարշյանը՝ դեմ։  Իհարկե, թող լիներ բանավոր, և բոլորս ի վերջո հասկանայինք, թե էդ ինչ կարգ էր տապալել ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բայց քանի որ ընդամենը մեկ ժամ տևած նիստում պարզորոշ տարբերակվեցին պետական մտածողություն ունեցող  դատավորնեը գործատուի պատվերին ենթարկվողներից, ապա պարզ է, թե որքան ակնհայտ կդառնային այս կառավարության օրոք ՍԴ դատավոր դարձածների մասնագիտական ու մարդկային որակները բանավոր ընթացակարգի դեպքում։ 

Եվ գրեթե նույն վիճակն է մնացած բոլոր ոլորտներում․․․ կեսը պետականամետ են, կեսը անձնապաշտ են։ Հետևաբար և հույսներս չկորցնենք, որ պետությունը լրիվ կկորցնենք, քանի դեռ մեզանում չի վերացել պայքարող և պետական մտածողություն կրող տեսակը»։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ