21 03 2021

Նոր Ընտրական օրենսգիրքը միտված է գործող իշխանության համար չհիմնավորված առավելություններ ստեղծելուն. Դավիթ Խաժակյան

Նոր Ընտրական օրենսգիրքը միտված է գործող իշխանության համար չհիմնավորված առավելություններ ստեղծելուն. Դավիթ Խաժակյան

 

Նոր Ընտրական Օրենսգիրքը միտված է գործող իշխանության համար բարենպաստ և չհիմնավորված առավելություններ ստեղծելուն։ Այն խայտառակ հում փաստաթուղթ է և, եթե ընդունվի ապա խորհրդարանական ընդդիմությունը պետք է այն վիճարկի սահմանադրական դատարանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Գրառումը՝ ստորև.

«Նոր Ընտրական օրենսգրքի ջատագովները իբրև փորձում են ավելի ժողովրդավարական դարձնել փաստաթուղթը, իսկ իրականում անում են ճիշտ հակառակը։ Դրա վառ վկայությունն է հետընտրական շրջանում կոալիցիաների կազմման հնարավորությունը։

Գործող օրենսգիրքը 6-օրյա ժամկետում հնարավորություն է տալիս արգելապատնեշը հաղթահարած ԲՈԼՈՐ ուժերին բանակցելու և խորհրդարանական կոալիցիա ձևավորելու համար։ Ըստ որում, եթե նոր կոալիցիա չի ձևավորվում, ապա երկրորդ փուլ անցած ուժերը կարող են մասնակցել նոր դաշինքով՝ միավորվելով արգելապատնեշը հաղթահարած ուժերի հետ։

Նոր Օրենսգիրքը սահմանափակում է երկու հնարավորությունն էլ։ Նախ կոալիցիա կազմելու հնարավորության համար տրվում է 14 օր ժամանակ, ԲԱՅՑ այդ հնարավորությունից կարող է օգտվել միայն առաջին տեղը զբաղեցրած ուժը և ըստ էության մյուս ուժերը այդ ընթացքում բանակցություններ վարելու իրավունք չունեն։ Ապա 7-օրյա ժամկետ է տրվում մյուս ուժերին։

Ստացվում է, որ հետընտրական անորոշության ժամկետը (հետպատերազմյան երկրում) երկարում է 15 օրով, իսկ առաջին ուժին տրվում է անբնական առավելություն։ Բացի այդ վերացվում է երկրորդ փուլում նոր դաշինք ձևավորելու հնարավորությունը, որը այս իրավիճակում բխում է միայն գործող իշխանությունների շահերից։

Ուստի նոր Ընտրական Օրենսգիրքը միտված է գործող իշխանության համար բարենպաստ և չհիմնավորված առավելություններ ստեղծելուն։ Այն խայտառակ հում փաստաթուղթ է և, եթե ընդունվի ապա խորհրդարանական ընդդիմությունը պետք է այն վիճարկի սահմանադրական դատարանում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ