17 03 2021

Փաշինյանը հերթական համահայկական ինստիտուտն է քանդում․ Խոսրով Հարությունյան

Փաշինյանը հերթական համահայկական ինստիտուտն է քանդում․ Խոսրով Հարությունյան

Անկասկած Համահայկական հիմնադրամը անկախության տարիներին Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության յուրատեսակ ինստիտուտ էր դարձել։ Հիմնադրամը Արցախի Հանրապետության կայացման գործում Սփյուռքի կառույցների անվիճելի մասնակցության առհավատչյան է։Yerevan.Today-ի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմանդրամի վերաբերյալ տեսակետ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Անդրադառնալով հիմանդրամի շուրջ պատերազմից հետո տեղի ունեցող գործընթացներին, հատկապես բարեգործական նպատակներով Սփյուռքից հանգանակված գումարների հիմնդրամից կառավարությանը փոխանցելուն, նախկին վարչապետը նկատեց․

«ՀՀ բոլոր ղեկավարները հիմնադրամին, հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին վերաբերվել են շատ մտահոգությամբ, շատ շրջահայացությամբ, կարելի է ասել հոգատարությամբ։ Մենք առիթ ենք ունեցել բազմիցս նույնիսկ հպարտանալ սփյուռքի մասնակցության  ադյունքներով, հատկապես եթե արձանագրենք Ապրիլյան պատերազմից հետո Արցախում տեղի ունեցած իրադարձություններին նրանց արձագանքը՝ ինչպիսի արագությամբ և որակով վերականգնվեցին հսկայական ենթակառուցվածքներ, համայնքներ։ Հիմա՝ այս պայմաններում մենք կարող ենք արձանագրել հետևյալը՝ Փաշինյանը հերթական ինստիտուտն է ոչնչացնում։ Հերթակաան համահայկական ինստիտուտն է խարխլում, կազմաքանդում, կազմալուծում։ Մեզ համար սովորական է դարձել, թե այսօրվա իշխանությունները ինչպես են պետական ռեսուրսները օգտագործում, բառի բուն իմաստով թալանում։ Ընդ որում՝ առանց հաշվետվության, առանց պատասխանատվության զգացողության։ Հիմա արդեն գործը վերաբերվում է համահայկական հիմնադրամի գումարներին, որոնք, ըստ էության, կառավարությունը նույնիսկ այդ գումարների վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն չունի»։ 

Նախկին վարչապետը ցավով արձանագրեց, որ հիմնադրամի շուրջ ստեղծված սկանդալը և իշխանության կողմից ծախսված գումաների հաշվետվություն չներկայացնելը կհանգեցնի  Հայաստան-Սփյուռք-Արցախ համագործակցության լուրջ հիասթափության։

«Սփյուռքի բարերարները բավականին բծախնդիր են։ Մենք հիշում ենք՝ ունեցել ենք դեպքեր, թե ինչպես են իրենք իրենց ֆինանսավորած ծրագրերի հետևից գալիս, համոզվում, որ աշխատաքններ են կատարվում։ Սա յուրատեսակ հաշվետվություն էր, իշխանությունների հաշվետվությունը՝ սփյուռքի մեր եղբայրների առջև։ Մենք այսպիսի վարքագիծ այսօր չենք տեսնում և համոզված եմ՝ չենք էլ տեսնի։ Ամենազարմանալին այն է, որ այդպիսի որոշումներ կայացնում են առանց երկար-բարակ մտածելու, մի ձեռքի հարվածով, առանց հասկանալու, թե դա ինչ հետևանքների կարող է հանգեցնել։ Ես հիմա սկսում եմ մտածել որ դա նունիսկ դիտավորյալ է արվել, միտումնավոր։ Որպեսզի այդ կառույցն էլ կազմաքանդվի, որպեսզի այդ կառույցի նկատմաբ այդ մեծ վստահությունը, որ կար անհատների կողմից, դա էլ իսպառ վերացվի»,- ասաց նա։

Թե ինչպես է պատկերացնում  իրավիճակի հանգուցալուծը, Հարությունյանը նկատեց, որ կա մեկ տարբերակ՝ թե՛ հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակից, թե՛ երկրում տիրող քաոսից դուրս գալու համար՝ գործող իշխանության հեռացումը։

«Քանի դեռ կա այօրվա իշխանությունը, կարող ենք արձանագրել, որ Սփյուռքի կառույցներն էլ քիչ թե շատ մտահոգ, շահագրգիռ վերաբերմունք չեն դրսևորում մեր երկրի հիմնահարցերի վերաբերյալ։ Նման հիմնադրամների ամենամեծ կարևորությունը վստահությունն է, ուրիշ ոչինչ։ Հիմա դա խաթարվել է և կարծում եմ մինչև իշխանությունները չհեռանան, որակապես նոր մթնոլորտ չձևավորվի, հուսալ թե հիմնադրամը կսկսի վերագտնել իրեն, խիստ կասկածում եմ»,- հավելեց նախկին վարչապետը։

Հիշեցնենք, որ 15․03․2021 կայացած «Հայաստան Համահայկական հիմնադրամի» հոգաբաձուների խորհրդի նիստից հետո հոգաբարձուների խորհրդի անդամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաղորդագրություն էր տարածել, որում նշելէր․ «Երեկ մասնակցեցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին։ Քննարկվում էր Արցախում պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։ Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է։ Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։ Մինչդեռ, Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն: Ակնհայտ է, որ վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար։ Այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի։ Ես չգիտեմ՝ այս ամենն արվել է միտումնավո՞ր, թե անփութության արդյունք է, բայց փաստացի՝ հենց կառավարության գործողությունների արդյունքում լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը։ Վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում։ Չեմ կարող հավատալ մի կառավարության հավաստիացումներին, որը պատերազմի ամբողջ ընթացքում ցինիկիաբար խաբել է սեփական ժողովրդին՝ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը, որը պատերազմի ավարտից 4 ամիս անց անգամ թաքցնում է զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը։ Այս կոնտեքստում ինձ համար անհասկանալի է հոգաբարձուների խորհրդի անունից ընդունված հայտարարությունը: Ինչպե՞ս կարելի է նախօրոք վստահ լինել Հիմնադրամի միջոցների նպատակային ծախսվելու մեջ, երբ ծախսերը հաստատող փաստաթղթերն ամբողջովին բացակայում են: Ստեղծված իրավիճակում որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։ Այս իրավիճակից միակ ճիշտ ելքը տեսնում եմ այդ 52 մլրդ դրամի ձևակերպումը՝ ոպես կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։ «Հայաստան» հիմնադրամը, իր հերթին, պետք է այդ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ