12 03 2021

Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ինձ մեղադրեց պատերազմի հրձիգ լինելու մեջ․ Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ինձ մեղադրեց պատերազմի հրձիգ լինելու մեջ․ Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ինձ մեղադրեց պատերազմի հրձիգ լինելու մեջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ ԵԽԽՎ միգրացիայի եւ փախստականների նիստում, երբ ես խոսեցի ադրբեջանցի զինվորների վայրագություններից ու փաստերով ներկայացրեցի, թե ինչպես են ազերի ստահակները ողջ-ողջ գլխատում մեր զինվորներին ու քաղաքացիական անձանց եւ կոչ արեցի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին, ով խաղաղասիրության եւ երկխոսության ճառեր էր անում, խաղաղասիրաբար զրուցել իր առաջնորդ Ալիեւի հետ ու ազատել հայ ռազմագերիներին՝ Սամեդը կատաղեց։

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, իրեն բնորոշ թատերական պաթոսով սկսեց բղավել, որ ես պատերազմի հրձիգ եմ, որ տարիներ շարունակ ես ԵԽԽՎ ամբիոնն օգտագործել եմ ամենաժողովրդավար Ադրբեջանին եւ ամենամարդասեր ադրբեջանցիներին մարդասպան ու բարբարոս ներկայացնելու համար եւ կոչ արեց ԵԽԽՎ-ին ինձ չեզոքացնել՝ եթե ուզում են ունենալ կոնստրուկտիվ երկխոսություն հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ։

Տեսարանը խիստ զվարճալի էր, որովհետեւ ամեն օր ես ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին ուղարկում եմ ամենաժողովրդավար ու ամենամարդասեր Ադրբեջանի զինվորների կողմից կատարված վայրագությունները հայ զինվորների եւ քաղաքացիական անձանց հանդեպ։

Ի դեպ, Սամեդը Մարալ Նաջարյանին ներկայացրեց որպես Շուշիում դիպուկահար, ում իրենք որպես բարի կամքի դրսեւորում ազատ են արձակել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ