03 03 2021

Ինչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից. Արտակ Զաքարյան

Ինչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Շուտով կլրանա Նիկոլի կողմից իշխանությունը զավթելու երեք տարին: Մանրամասն վերլուծելով մինչ 2018թ-ի իշխանափոխության և դրանից հետո՝ առ այսօր տեղի ունեցած բոլոր իրադարձությունները՝ կարող ենք գալ հետևյալ եզրահանգումների:

  1. 2016թ. ապրիլին, Հայաստանի դեմ չհաջողված պատերազմից հետո, հայկական ինքնիշխան պետականության և Արցախի անկախացման դեմ գործող թշնամական կառույցները փոխեցին իրենց մարտավարությունը, և գործի դրեցին Հայաստանը ներսից քանդելու ծրագրերը:
  2. Ամբողջությամբ ակտիվացվեցին Նախագահ Սերժ Սարգսյանի, ազգային բանակի, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, ՀԱՊԿ համակարգի, հայոց ազգային եկեղեցու, Հայաստան պետության հիմնական կառույցների և Արցախի իշխանությունների դեմ տոտալ կեղծ հակաքարոզչությունը: Այդ նպատակով օգտագործվեցին դրմաշնորհներով գործող բոլոր տիպի հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, կրոնական աղանդավորական հոանքները, որոշ ԲՈՒՀ-երի ուսանողական շրջանակները, հայկական սփյուռքի հատվածները և իհարկե ՀՀ-ում գրանցված մի շարք քաղաքական կուսակցությունները: Չեմ բացառում, որ այդ գործում ներառված լինեին նաև նախորդ իշխանությանը մաս կազմած որոշ շրջանակներ:
  3. Իշխանափոխությանն անհրաժեշտ էր առաջնորդ և բնականաբար այն պետք է համապատասխաներ իշխանափոխության նպատակներին: Այսինքն՝ լիներ հակառուս, հակաՀԱՊԿ, հակաԵԱՏՄ, հակաԱրցախյան, ապազգային, անսկզբունք, անգաղափար (“իզմերը” մերժող), լավ հռետոր և բարոյական նկարագիր չունեցող: Ունեին մի քանի տարբերակներ, բայց ընտրեցին Նիկոլին:
  4. Նախապես վերապատրաստած կազմով, բազմազան տեխնոլոգիական հնարքներով, տեղեկատվական մանիպուլյացիաներով, ֆեյսբուքյան ռեսուրսներով ստարսի սպասող իշխանափոխությունը սկսեց եփվել 2018թ. փետրվարից, որը ծավալվելով՝ իր հանգուցալուծմանը հասավ մայիսին: Սակայն, քանի որ նախկին իշխանությունները, խորհրդարանի վրա դեռևս վերահսկողություն ունեին՝ իշխանության լիարժեք զավթման վերջնական փուլն ավարտվեց 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններով:
  5. Պարզ է, որ Նիկոլին, այսինք իշխանափոխության նշանակված լիդերին, կազմակերպիչները՝ սիրուն աչքերի համար չէին բերել իշխանության: Նպատակը Արցախի հարցը փակելն ու Հայաստանն ամողջությամբ վերահսկողության տակ վերցնելն էր: Սակայն դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի այսպես կոչված հեղափոխությունը լիովին պառակտեր փոխադարձ հարգանքով ապրող ավանդապաշտ հայ հասարակությանը: Սկիզբ առած նախկին-ներկա հակադրումները և դրան ուղեկցող ինտենսիվ կեղծ հակաքարոզչությունը 2019-20թթ քայքայման տարավ նաև բանակը, ընտանիքը, բարեկամությունը, ընկերական կապերը: Ամբողջությամբ ապականվեց հայոց լեզուն, հրապարակային հայհոյանքը դարձավ փոքրից մինչև մեծ՝ բոլորին հասանելի և ընթեռնելի: Հասարակությունն ամիս առ ամիս բարոյալքվում էր՝ առանց գիտակցելու դրա ողբերգական հետևանքները: Մտավորականությունը հենց սկզբից դուրս մղվեց այս խաղից և մեկուսացվեց: Իսկ ֆեյսբուքի միջոցով՝ անհայտ էջերով հրապարակ նետվեցին կեղծ մտավորականներ և կարծիքի լիդերներ, որոնց միջոցով գեներացվում էին ցանկացած հիմար տեսակետ, նույնիսկ ամենաանհավանական կեղծ լուրերը ուտացրեցին հասարակական լայն զանգվածներին:
  6. Ներքին թշամանքի սերմանման միջոցով ուղեկցվող իշխանափոխության ծիլերը շատ արագ տարածվեցին նաև Արցախում, որտեղ 2018-19թթ. հնարավոր եղավ ամբողջությամբ խառնել իր անվտանգության գինը իմացող արցախահայության հատվածին: Խիստ զգուշորեն տարածվում էր նաև արցախցի-հայաստանի կեղծ հակադրությունը:
  7. Զուգահեռաբար, չերևացող քաղաքական հարթակներում քանդվում էին ԵԱՀԿ ձևաչափում արցախյան հիմնահարցի լուծման տրամաբանական կառուցվածքը, հայ-ռուսական ամուր հարաբերությունները, հայ-վրացական և հայ-իրանական բարեկամական կապերը, ՀՀ-ԵՄ գործընկերությունը և այլն: Հայաստանը վերածվում էր միջազգային բալաստի, իսկ Արցախյան հարցը՝ խաղաղ կարգավորումից վերածվեց աշխարհի համար ավելորդ գլխացավանքի, որից պետք էր ազատվել ցանկացած եղանակով:
  8. Դատա-իրավական համակարգը ևս պետք էր կազմալուծել, որպեսզի հնարավոր չլիներ իրավական մեխանիզմներով կասեցնել պետականության քայքայման գործընթացը: Այդ նպատակով, դատական իշխանությանը և հատկապես սահմանադրական դատարանին սկսեցին մեղադրվել իբրև թե նախկին իշխանություններին ծառայելու մեջ:
  9. 2020թ. տավուշյան բախումներից հետո՝ ամեն բան պատրաստ էր Արցախում պատերազմ հրահրելու և հայկական կողմի պարտությունը ապահովելու համար: Պատերազմի ողջ ընթացքի և ընդհուպ Շուշին հանձնելու նախնական ռազմա-քաղաքական վերլուծությունները ակնարկում են պատերազմի միտումնավոր ձախողման մասին:
  10. 2020թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն հայտարարության տեքստի բոլոր կետերը կատարվել են բացի մեկից՝ Նախիջևանի և Ադրբեջանի միջև, Սյունիքի տարածքով նախատեսվող միջանցքից: Մարտ ամսին, ամենայն հավանականությամբ պետք է ավարտվի նաև այս գործընթացը և ենթադրվում է, որ պետք է լինի բարձր մակարդակի հերթական հանդիպումը: Ադրբեջանը Նիկոլից արդեն լիուլի ստացել է իր բաժինը, և հիմա մնացել է Թուրքիան: Թուրքիային շատ է անհրաժեշտ Սյունիքով անցնող տարանցիկ միջանցքը, այդ պատճառով էր Անկարան խիստ մտահոգվում Նիկոլի իշխանության հնարավոր կորստով: 2020թ. մարտի 1-ի նիկոլականների հանրահավաքը ոչ թե ուղղված էր հայ ժողովրդին կամ ընդդիմությանը, այլ առաջին հերթին Թուրքիային: Դրանով Նիկոլը ցանկացել է Թուրքիային համազել, որ ինքը դեռևս ռեսուրս ունի իշխանության մնալու համար և անհանգստանալու կարիք չկա:
  11. Սյունիքի միջանցքը տալուց հետո, Նիկոլն ամբողջությամբ արդարացրած կլինի 2018թ. ապրիլին տեղի ունեցած իշխանափոխության բոլոր ծրագրերը: Իսկ թե դրանից հետո ինչպիսի՞ն կլինի Հայաստանի և Արցախի ապագան, ո՛չ Նիկոլին, ո՛չ էլ իշխանափոխության հեղինակներին այլևս հետաքրքիր չէ:
  12. Ցավն այն է, որ այս մասին խոսել ենք անընդհատ, մաս առ մաս, դրվագ առ դրվագ: Սակայն նիկոլապաշտ հասարակությունը մեզ չէր լսում, որովհետև մենք նախկին ենք: Այ հիմա, երբ իրական վտանգ կա, որ ամբողջ Հայաստանը կդառնա նախկին, այսինքն Հայաստան պետության և հայկական բանակի մասին կխոսեն անցյալ ժամանակով, գոնե հիմա պետք է փրկել եղածը և իշխանությունից դուրս շպրտել կեղծ հեղափոխականներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ