Antifake.am-ը գրում է․ Փետրվարի 2-ին Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխությոններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ ներկայացված իշխող «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից, որով արգելվում է լրատվամիջոցներին հղում անել անանուն աղբյուրներին։ Օրենքի նախագծի ընդունմամբ, ըստ էության, կսահմանափակվի մամուլի ազատությունը և անանուն աղբյուրներին հղում անելու դեպքում լրատվամիջոցները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Թեմայի առնչությամբ AntiFake.am-ը զրուցել է արդարադատության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանի հետ։
«Լրագրողական աղբյուրների պաշտպանությունը իրականում խոսքի ազատության իրավունքի առանցքային տարրն է, և բնական է ու անհերքելի, որ մամուլը մեծ կախվածություն ունի այն անձանցից, ովքեր հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով մատակարարում են տեղեկատվություն։ Սա ոչ միայն իրավական, այլ նախ և առաջ էթիկական հիմնահարց է, որովհետև բոլոր լրագրողների միջև կա համաձայնություն, որ աղբյուրների պաշտպանությունը գրեթե համընդհանուր մակարդակի հասած մասնագիտական կանոն է»,- անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը՝ ասաց Հովհաննիսյանը։
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ լրագրողական աղբյուրների պաշտպանությունը նախատեսված է 100-ից ավել երկրների օրենսդրության մեջ, այդ թվում՝ պաշտպանությունը հասցված է սահմանադրական մակարդակի, ինչպես, օրինակ, Արգենտինայում, Շվեդիայում և այլն։ Լրագրողական աղբյուրների պաշտպանությանը անդրադարձ կատարում են ոչ միայն ներպետական օրենսդրությունները, այլ նաև միջազգային ամենատարբեր կառույցներ, ընդհուպ մինչև` նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալը, որն ունի ամրագրած մոտեցումներ։ Այս առումով իրենց դիրքորոշումն արտահայտել են նաև Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն, բազմաթիվ որոշումներ ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, օրինակ՝ «Financial Times»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, «Goodwin»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության և այլն. «Ամենահայտնին «Goodwin»-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործն է, որտեղ շատ կարևոր սկզբունքներ կան ամրագրված»,- տեղեկացնում է Հովհաննիսյանը։ Նա նշում է նաև, որ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի` դեռևս 2000 թվականին ընդունված հանձնարարականով սահմանվում են մի շարք չափանիշներ այն դեպքերի համար, թե երբ աղբյուրի բացահայտումը կարող է համարվել իրավաչափ, երբ կա անձի կյանքի պաշտպանության, ծանր հանցագործության կանխման կամ ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանության անհրաժեշտություն։
«Լրագրողական աղբյուրները պետք է պաշտպանվեն, լրագրողական աղբյուրները հենց անանուն լինելու համար են, լրագրողն իրավունք ունի չմատնանշել լրագրողական աղբյուրը, և նրան կարելի է պարտադրել դա բացահայտել բացառապես վերը թվարկված դեպքերում»,- նշում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սա ամրագրված է Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրական դատարանի դիրքորոշմամբ։
Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ քննարկվող նախաձեռնության հիմքում ոչ այնքան անանուն աղբյուրի սահմանափակման խնդիրն է, որքան տողատակում վիրավորանքից, զրպարտությունից և կեղծ լուրերից պաշտպանության խնդիրները, որոնք բոլորովին այլ մոտեցումներ և կարգավորումներ են ենթադրում։
Արդարադատության նախկին նախարարը նշում է, որ միջազգային պրակտիկայում «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածի շրջանակներից բացի, որը նախատեսում է, որ լրագրողները պարտավոր չեն բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրը, այլ հարթություններում ևս պաշտպանություն տրամադրվում է. «Օրինակ, չհրապարակված նյութերի տրամադրման, դատարանում վկայություն տալու դեպքերում ևս գործում է լրագրողական աղբյուրի պաշտպանության սկզբունքը, մամուլի կազմակերպությունների և լրագրողական տների խուզարկության արգելքը, լրագրողներին հետևելու արգելքը, ընդ որում՝ և՛ գաղտնալսումերը, և՛ online tracking-ը (առցանց տիրույթում հետևելը) սկզբունքորեն լրագրողական աղբյուրների պաշտպանության շրջանակներում են»,- նշում է նա։
Ամփոփելով՝ Հովհաննիսյանը պնդում է, որ սա անկյունաքարային հարց է, որը Եվրոպայի Խորհրդի անդամ երկիրը որևէ պարագայում չի կարող սահմանափակել. «Ես ուղղակի ծիծաղելի, զավեշտալի և աբսուրդ եմ համարում նույնիսկ նման մտքի առաջացումը»։
Հովհաննիսյանի կարծիքով՝ բերված օրենսդրական նախաձեռնությունը հիմանականում այն դեպքերի համար է, երբ լրատվական գործունեություն իրականացնողը տեղեկատվություն է տարածում, որի աղբյուրը անհայտ է, ինչպես օրինակ, տելեգրամյան ալիքներով տարածվող և անհայտ աղբյուր ունեցող տեղեկությունները. «Վստահ եմ, որ օրենքի իրական նպատակը տելեգրամ ալիքների միջոցով տարածվող, իրենց կարծիքով` կեղծ տեղեկատվությունն է, իսկ իրականում՝ իրենց համար ոչ հաճելի տեղեկատվությունը, որի դեմն իրենք ուզում են առնել»,- նշում է Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ այս հարցի հետ կապված նորամուծությունների կարիք չկա, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 9-րդ մասն անդրադառնում է այդ հարցադրմանը՝ վիրավորանքի և զրպարտության համատեքստում. «Եթե որևէ լրատվամիջոց կտարածի մի նյութ, որի հեղինակը անհայտ է հանրային շրջանակներին, և ինքն էլ չի ուզում աղբյուր բացահայտել, եթե գիտի անգամ, և տարածել է զրպարտություն կամ վիրավորվանք, ապա լրատվական գործունեություն իրականացնողը ինքը պետք է պատասխանատվություն կրի վիրավորանքի և զրպարտության համար։ Սա կանոն է և սրա համար, ինչպես ասում են, «Ամերիկա հայտնաբերելու կարիք չկա»,- ասում է Հովհաննիսյանը` շարունակելով` եթե տեղեկատվության մեջ չկա վիրավորանք և զրպարտություն, «ֆեյք նյուզի» դեմ արդյունավետ պայքարի միջոց աշխարհի ոչ մի երկիր չի գտել և ամենազարգացած երկրները դեռ որոնման ճանապարհին են։
«Մեր իշխանությունները մի յուրահատկություն ունեն, իրենք ֆեյք նյուզ համարում են այն ամենը, ինչը ճիշտ է. ինչպես իրենք են ասում՝ «դա լկտի սուտ է և պարունակում է պետական գաղտնիք», այսինքն՝ ինչ իրենց դուր չի գալիս, դա ֆեյք նյուզ է»,- ասում է Հովհաննիսյանը:
Արփինե Հովհաննիսյանը վստահ է՝ իշխանությունը չի կարողանա այս նախագիծը կյանքի կոչել. «Այս մտահղացման տխմարության պատճառով կտուժի ոչ միայն ընդդիմադիր դաշտը, որի սահմանափակմանը սա ուղղված է, այլև հենց ինքը՝ իշխանությունը՝ իր քարոզչամեքենայով»,- նշում է Հովհաննիսյանը՝ հիշեցնելով «ֆեյքերի» և կեղծ հարթակների ահռելի քանակության մասին, որոնք տնօրինում է իշխանությունը։
«Գլոբալ առումով անանունությունը ևս մարդու իրավունքներից է, և, ցավոք սրտի, Հայաստանում դա ոչ թե որպես իրավունք է օգտագործվում, այլ չարաշահվում է ամենալկտի ֆեյքերի միջոցով հերյուրանքներ տարածելով։ Բայց լրագրողին զրկել իր աղբյուրը չբացահայտելու իրավունքից, այսինքն՝ անանուն հղում կատարելուց, հակասահմանադրական է և հակասում է միջազգային իրավունքի հնարավոր բոլոր կանոններին»,- նշում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նույնիսկ եթե այդ օրենքը ընդունվի, դրա ընդունման բոլոր փուլերում հակասահմանադրականության խնդիր է ծագելու, ապա քաղաքացիական մակարդակով լինելու են Սահմանադրական դատարան դիմողներ, իսկ դատարանները չեն կարողանալու այդ օրենքը կիրառել, քանի որ Եվրոպական դատարանի որոշումներում առկա են այլ մոտեցումներ։
Հովհաննիսյանի խոսքով՝ քննարկվող այս նախագիծը ուղղակի խայտառակություն է, հակաիրավական, հակասահմանադրական, հակատրամաբանական և ամենակարևորը՝ բացարձակապես ոչ իրագործելի։ «Քանի դեռ չկա արդյունավետ մեխանիզմ «ֆեյք նյուզ» տարածողին գտնելու, «ֆեյքերի» հետևում կանգնած անձանց բացահայտելու, նրանց բոլորին հավասար պատժելու, ապա այդ անհամաչափ բեռը դնել լրատվամիջոցի վրա ոչ միայն ազնիվ չէ, այլ նաև իրավական չէ», - կարծում է նա։
ԱԺ նախկին փոխխոսնակն անդրադարձել է նաև կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը հիմնական ֆեյք նյուզ տարածողն է. «Է՛լ օդում կախված լուրեր, է՛լ տարբեր աղբյուրներ, է՛լ չգիտեմ ինչեր։ Այդ գործիքակազմը իրենք ամենից շատն են օգտագործում։ Հետևաբար՝ պետք չէ չքմեղանալ և անմեղ դեմքով փորձել ինչ-որ հարցեր կարգավորել։ Փաստացի ստացվում է, և միևնույն ժամանակ զավեշտ է, որ կարևորագույն հարցերը թողած՝ գերիներ, սոցիալական, հումանիտար խնդիրներ, մարդիկ նման անլուրջ բաներով են զբաղված», - եզրափակել է Հովհաննիսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը