Փաստինֆո-ն գրում է․ «Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել պաշտպանության բանակին, այդ իսկ պատճառով էլ ներգրավել է Թուրքիային և իսլամիստների հետ միասին հարձակվել փոքրիկ Արցախի վրա,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած Նորատ Տեր-Գրիգորյանցը փաստել է, որ իրենց կողմից ստեղծված բանակը եղել է շատ ամուր, հզոր, կազմակերպված, կարգապահ։ Զինված է եղել տվյալ ժամանակի համար ժամանակակից զինատեսակներով և առ այսօր, արդեն շուրջ 30 տարի է, ինչ հնարավորություն է տալիս՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը՝ ագրեսիվ պետություններից, որոնք շրջափակում են Հայաստանը՝ Ադրբեջանից, Թուրքիայից և ոչ այդքան բարեկամական Վրաստանից։ Ռազմական անվտանգության տեսանկյունից ստեղծվել է հայկական բանակը և ռուսական ռազմաբազան, որն ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի հարավային թևի անվտանգությունը։
Արցախյան երրորդ պատերազմից առաջ Նորատ Տեր-Գրիգորյանցը փորձել է հանդիպել այն ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ կանխազգալով հնարավոր վատ զարգացումները, սակայն վերջինս, պարզվում է, ժամանակ չի ունեցել գեներալի համար։ Նրա խոսքով՝ պատերազմից երկու ամիս առաջ, երբ գտնվել է Երևանում, կապ է հաստատել ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ և ցանկություն հայտնել հանդիպելու նախարարին՝ իմանալով, որ առաջիկայում ինչ-որ վատ բան կլինի և ցանկացել ռազմական անվտանգության տեսանկյունից խոսել նախարարի հետ, սակայն քարտուղարը, որը պատասխանել էր զանգին, ասել է, թե նախարարը չի կարող հանդիպել՝ պատճառաբանելով, որ հաջորդ օրը նիստ է։
«Ձեր ՊՆ նախարարը չի բարեհաճել ինձ հետ հանդիպել՝ պատճառաբանելով, որ հաջորդ օրը նիստ է և չի կարող։ Ես էլ քարտուղարին ասել եմ՝ հիմա ժամը 17։00-ն է, օրվա և գիշերվա ցանկացած ժամին կարող եմ հանդիպել՝ Հայաստանի և ԶՈՒ-երի անվտանգության հարցերի շուրջ խոսելու, իսկ ինքն ասել է՝ վաղը նիստ է, ինչին ի պատասխան էլ ասել եմ, որ նիստը վաղն է, իսկ այսօր դեռ երեկո է, գիշեր կա»,-պատմեց գեներալ-լեյտենանտը՝ հավելելով, որ դա, իհարկե, վիրավորական է, որ նախարարը չի հասկացել հարցի կարևորությունը, մինչդեռ՝ ինքը կարող էր շատ հարցերում համագործակցել և բանակի, և Հայաստանի շահերի համար։
«Չեն ցանկացել, երևի վախեցել են, որ կարող եմ թույլ չտալ ինչ-որ սխալ պլաններ իրագործել»,- նշեց Տեր-Գրիգորյանցը։
Ինչ վերաբերում է բանակում տիրող ներկայիս իրավիճակին, գեներալ-լեյտենանտը նշեց, որ դա վարչապետի, նախագահի խղճին է, բայց Արցախում պրակտիկան ցույց տվեց, որ բանակը չի կարողացել ապահովել անվտանգությունը, հակաօդային պաշտպանությունը, թերացել են քողարկման ապահովման հարցերում և դա չի արել ղեկավարությունը, նախարարությունը։
«Արցախյան թևում նորմալ ինժեներական սարքավորումների բացակայությունը բերել է նրան, որ թշնամին շքերթի նման գա և գրավի Հադրութը, Ջաբրայիլը, Կուբաթլուն և այլն, մինչդեռ՝ այնտեղ չի եղել ոչ մի հակատանկային պաշտպանություն, ինժեներական պատնեշներ, այսինքն՝ ՊՆ-ն, զինվորական ղեկավարությունը ճիշտ չի գործել, խախտել են պատերազմի կանոնները, քաղաքականության և ռազմական գործողությունների կանոնները»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է վերազինել բանակը ժամանակակից զենքերով, օրինակ, գնվել են ինքնաթիռներ, որոնց փոխարեն կարելի էր գնել հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։
Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ գնված ինքնաթիռները (խոսքը ՍՈՒ-30 կործանիչների մասին է հեղ․) ոչինչ չեն կարող անել, քանի որ այս ընթացքում Ռուսաստանը Թուրքիային վաճառել է S-400 հակաինքնաթիռային հրթիռներ, որոնք տեղակայված են Հայաստանի սահմանին մոտ՝ հենց այդ ինքնաթիռները ոչնչացնելու համար։ Ավելին, այդ ինքնաթիռները գերձայնային են և նույնիսկ տեղանքը թույլ չի տալիս այդ ինքնաթիռների միջոցով որևէ ռազմական խնդիր լուծել, քանի որ օդ բարձրանալուց անմիջապես հետո դրանք կարող են խախտել Նախիջևանի կամ Վրաստանի սահմանը, ուստի, ինչպես նշեց Տեր-Գրգիգորյանցը, Հայաստանի տարածքը թույլ չի տալիս նման գերձայնային ինքնաթիռներ կիրառել։
Ըստ նրա՝ պետք է ուշադրություն դարձնել ինժեներական սարքավորումների, քողարկման համակարգերի վրա և ապահովել համազարկային հրթիռային համակարգերը, ունենալ հեռահար համակարգեր, թեև կան խորհրդային ռուսական զենքեր, որոնք լավն են, բայց ժամանակն առաջ է գնում, տակտիկան փոխվում է, օպերատիվ արվեստը փոխվում է, տեխնիկան պետք է փոխի պատերազմի կանոնները։
Նա արձանագրեց, որ Ադրբեջանն այս ընթացքում այնպես է զինվել, որ հաղթեց՝ թուրքական և իսրայելական ԱԹՍ-ների միջոցով, որովհետև մեր զինվորները, սերժանտները, սպաներն՝ Արցախում, հրաշալի են, նվիրական հայրենասերներ, որոնք 44 օր դիմակայել են ռադիկալ իսլամիստների ԶՈՒ-երին։
Հարցին, թե արդյո՞ք ստացվում է, որ պատերազմը պարտվել է քաղաքական իշխանությունը, Տեր-Գրիգորյանցն արձագանքեց՝ նշելով, որ հայ ժողովուրդն ում ընտրել է, թող նրա համար էլ պատասխան տա, ինքը ոչ մեկին չի ընտրել և իրավասու չէ քաղաքականության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, բայց նշեց, որ այս պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երի ղեկավարումն իրականացվել է սարսափելի, պատերազմի բոլոր կանոններին հակառակ, աննորմալ, քաոսային և անկազմակերպ։
Նրա խոսքով՝ պատերազմը դեռ նոր էր սկսվել, բայց ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը կամավորականներին կոչ էր անում գալ և մասնակցել ռազմական գործողություններին։
«Ի՞նչու կամավորականներ, ինչ կապ ունեն կամավորականները, սա ինչ է ֆիդայակա՞ն պատերազմ էր, այնտեղ զինված ուժեր են և կամավորականներ այդտեղ պետք չեն, պետք էր օգտագործել իմ կողմից ստեղծված ծրագիրը, որը կոչվում է՝ զորահավաքային պլան և ԶՈՒ-երը բերել ամբողջական պատրաստության։ Դա պետք էր իրականացնել, իսկ կամավորականներին ներգրավելով խճճել են ամբողջ բանակային համակարգը»,- նշել է Տեր-Գրիգորյանցը նաև հավելելով, որ՝ ենթադրենք ինժեներական զորքերի սպան որպես կամավորական ցանկություն է հայտնել մեկնելու ռազմադաշտ, բայց զինվորական կոմիսարիատում նրան տվել են ավտոմատ և ճիշտ չեն օգտագործում նրա կարողությունները, մինչդեռ, զորահավաքի դեպքում նա կմեկնի ռազմադաշտ՝ որպես ինժեներական զորքերի սպա և կլինի իր տեղում։
Մեր զրուցակիցը վրդովմունք հայտնեց անկազմակերպության վերաբերյալ՝ նշելով, թե ով էր վարչապետի կամ ՊՆ նախարարի խորհրդականը, հիմարություններ են անում և դրանով վտանգում նաև զինվորներին։ Ավելին՝ ընդգծեց պատմություն իմանալու կարեւորությունը, պետք է իմանալ , թե ինչպես է Հայրենական պատերազմի տարիներին Ստալինը կազմավորել պաշտպանության պետական կոմիտե, այլ ոչ թե՝ որպես խորհրդական վերցնել մարդկանց, որոնք ռազմական գիտությունից գաղափար չունեն։ Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հիշեցրեց նաև, որ պատերազմից առաջ մի շարք փորձառու սպաներ են ազատվել պաշտոններից, այսինքն՝ ցանկացել են պարտվել պատերազմում։
«Ես չեմ հասկանում դա ինչ քաղաքականություն է, բոլոր այն սպաները, որոնք ունեն բարձրագույն կրթություն և գրագետ գիտեն ինչ անել՝ ազատվել են պաշտոններից, ինչու՞, որ թշնամին ջախջախի՞»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ անգամ կապ է հաստատել Անդրանիկ Քոչարյանի հետ՝ նշելով, որ շուտով պատերազմ է լինելու, իսկ վերջիններս հեռացնում են բոլոր փորձառու գեներալներին, ինչին ի պատասխան Քոչարյանն ասել է, թե, եթե գեներալը կամ սպան հանցանք է գործել, պետք է պատասխանատվության ենթարկել, մինչդեռ, ըստ Տեր-Գրիգորյանցի, այդ դեպքում կարելի է զգուշացնել, քանի որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք շատ լավ են իմանում համակարգը։
«Միթե կարելի է նման հիմարություններ անել՝ պատերազմից առաջ։ Ինձ համար վիրավորական է, որ նման հիմարություններ են անում։
Պետք է վերականգնել կառավարման համակարգը, մարտական պատրաստվածության բերել ամբողջ համակարգը։ Շատ լավ սպաներ, գեներալներ կան, իսկ դուք քննադատում եք ինչ-որ գեներալի՝ ինչ-որ բան ասելու համար՝ վիրավորելով գեներալիտետին և իջեցնելով նրանց վարկանիշը, այդ կերպ՝ իջեցնելով նաև ամբողջ բանակի վարկանիշը։ Մեկ գեներալի հեռացնելուց հետո հեռացվում են նրանց տեղակալները, վախենում են, որ այդ գեներալները կարող են իշխանություն վերցնե՞լ։ Նրանք պատրաստ չեն փոխել իշխանությունը, ՀՀ ԶՈՒ-երը ծառայում են հայրենիքին՝ ազնվորեն։ Բացի դա՝ այն պարագայում, երբ Հայաստանը գտնվում է թշնամական երկրների շրջափակման մեջ և միակ դաշնակիցը ՌԴ-ն է, իսկ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ապահովում է ՀՀ և ՌԴ հարավային սահմանները, որոշ սրիկաներ ակցիաներ են իրականացնում դեսպանատան դիմաց՝ պահանջելով հեռացնել ռուսական ռազմաբազան։ Եվրոպան, Ադրբեջանը, Թուրքիան երազում են, որ Ռուսաստանն այդտեղ չլինի, իսկ հեռանալու դեպքում երկու օր էլ չի անցնի, որ Հյուսիսային պողոտայում թուրքերը լինեն»,- նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը