168.am-ը գրում է․ «Արցախի կողմից վերահսկվող տարածքներում ադրբեջանցիների և արցախցիների համատեղ բնակեցման հնարավոր լինել-չլինելու շուրջ 168.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանի հետ:
– Սոցցանցերում կրկին տեղեկություններ են շրջանառվում, որ Ստեփանակերտի հարակից բնակավայրեր հնարավոր է ադրբեջանցի փախստականների վերադարձ: Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այդ լուրերը, արդյո՞ք քաղաքական օրակարգում նման հարց քննարկվում է:
– Բացարձակապես նման հարց չկա, և այդ մասին բոլոր ասեկոսեները քանիցս հերքվել են Արցախի իշխանությունների կողմից: Բայց կա տպավորություն, որ ոչ միայն ադրբեջանական կողմը, այլև ներքին ինչ-որ ապակառուցողական ուժեր հետևողական կերպով փորձում են հանրության մեջ խուճապ տարածել: Չենք բացառում նաև, որ նման աբսուրդ տեղեկատվական հոսքերն ուղղորդվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից: Ամեն դեպքում, այդ ապատեղեկատվության հարցն իշխանությունների ուշադրության կենտրոնում է, և Ազգային անվտանգության ծառայությունն այդ ուղղությամբ զբաղվում է:
– Այսինքն, կարո՞ղ ենք վստահ լինել, որ արցախցին չի ապրելու ադրբեջանցու հետ նույն քաղաքում և գյուղում:
– Հանրապետության նախագահի մակարդակով այդ հարցին արդեն տրվել է հստակ պատասխան. Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել: Մենք շարունակելու ենք ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգային երաշխիքներով կառուցել մեր անկախ պետականությունը: Իսկ ադրբեջանցի փախստականների վերադարձ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներ պարզապես բացառվում է, և այդպիսի հարց մեզ հետ չի էլ քննարկվել:
Մենք շատ լավ հասկանում ենք դրա հետևանքները, և բացառվում է, որ Արցախի իշխանությունները նման բանի համաձայնվեն: Կրկնում եմ` նման հարց օրակարգում չկա և չի էլ կարող լինել, իսկ դիտավորյալ ապատեղեկատվություն տարածողները պարզապես զբաղված են հանցավոր գործունեությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը