ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքում գրառում է արել, որում ապացույցներ է ներկայացրել ԱԺ–ում այսօր ավելի վաղ իր արած հայտարարության մասին առ այն, որ Մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու հրավեր ինքը ուղարկել է այն ժամանակվա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։
«Այսօր ԱԺ-ում իմ գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցում նշեցի, որ ՀՀ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դ. Անանյանին հրավիրել եմ հանձնաժողով, սակայն վերջինս չի ներկայացել: Ներկայացնում եմ գրությունս՝ թղթային և մալբրի համակարգերի միջոցով ուղղարկված ՊԵԿ նախագահին: Առաջարկում եմ պարոն Անանյանին հեռացնել իր էջից ստատուսը, որում գրել է, իբր նման հրավեր չի եղել: Կանխավ շնորհակալություն:
Հ.Գ. Բանավոր հրավերն արձանագրված է հանձնաժողովի նիստում, որը տեսաձայնագրված է, իսկ զանգերի վերաբերյալ քաղվածքն առկա է, իհարկե պատասխանել է քարտուղարուհին»,– գրել է նա։
Նշենք, որ Դավիթ Անանյանն արձագանքել էր Սերգեյ Բագրատյանի հայտարարությանը՝ նշելով, որ թե պատգամավորը ստում է։ «Այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ինչ-որ զեկույց էր ներկայացնում: Չեմ անդրադառնա պատգամավորի և նրա ներկայացրած զեկույցի որակին ու մակարդակին: Ուղղակի անդրադառնամ պատգամավորի այն ասածին, որ բանավոր խնդրել է և մի տաս անգամ էլ զանգահարել է ինձ՝ հրավիրելով մասնակցել հանձնաժողովի նիստին: Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է»,– գրել էր նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը