Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ քննարկել ենք հարցերի լայն շրջանակ. Արցախ այցի շրջանակներում ունեցած պաշտոնական հանդիպումների արդյունքների ամփոփման ժամանակ նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հաղորդում է yerkir.am-ը։
Ըստ նրա՝ հարցերի առաջին խումբն առնչվել է Արցախի սահմանների պաշտպանությանն ու ազգաբնակչության անվտանգության ապահովմանը, երկրորդը՝ Արցախի կարգավիճակին, երրորդ խումբը՝ Արցախի բնակչության առջև ծառացած սոցիալ ֊ տնտեսական խնդիրներին։
«Մենք` իբրև Դաշնակցություն, մեկ անգամ ևս վերահաստատեցինք, որ ՀՅԴ֊ն իր համահայկական ողջ կառույցով և հնարավորություններով պատրաստ է ամբողջական և գործուն մասնակցություն ունենալ այս երեք ուղղությամբ իրականացվող աշխատանքներին»,- նշել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ Դաշնակցության կամավորներն անհրաժեշտության դեպքում պատրաստ են կրկին պաշտպանել հայրենիքի սահմանները։
Հանդիպումների ընթացքում երկուստեք բացառվել է Արցախի կարգավիճակի ամրագրումն Ադրբեջանի կազմում։ Ըստ այդմ՝ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ հետագա քննարկումները շարունակելու և աշխատանքները համադրելու մասով ևս ձեռք է բերվել լրացուցիչ պայմանավորվածություն։
«ՀՅԴ֊ն իր համահայկական ողջ ներուժով, Հայ դատի գրասենյակներով և հանձնախմբերով պատրաստ է այս նոր իրավիճակում լծվել այդ աշխատանքներին», - նշել է Սաղաթելյանը։
Սոցիալ֊տնտեսական ուղղությամբ ևս մի շարք աշխատանքներ կան իրականացնելու, և այստեղ ևս Դաշնակցությունը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ։
«Այս փուլում ամենակարևորն այն է, որ Արցախի բնակչությունն իր թիկունքում զգա 10 մլն հայության շունչը։ Մենք պետք է այսօր կանգնենք Արցախի և արցախցու կողքին, և դա չպետք է լինի խոսք, այլ` հստակ գործ։ Մենք պարտվելու իրավունք չունենք. ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, և դա պետք է տեղի ունենա համայն հայության աջակցությամբ, համատեղ մշակված քայլերով։ Կորցնել Արցախը` նշանակում է կորցնել Հայաստանի Հանրապետությունը և առհասարակ փակել հայ ժողովրդի պատմության վերջին էջը։ Ով, ով, բայց Դաշնակցությունը դա թույլ չի տալու»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը