ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հաստատվել է կորոնավիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները վերացնելու ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունավետությունը ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը:
«Սիրելի քաղաքացիներ և գործընկերներ, դեռևս 2020 թվականին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնեցին Կառավարության՝ համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունները ուսումնասիրելու նախաձեռնություն։ Անցած տարի գործընթացը չշարունակվեց մեզ պատուհասած պատերազմի պատճառով։ Պատերազմի հետևանքների վերացումը մեզ կանգնեցրել է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք առանձին ուսումնասիրության և քննության առարկա են, որի համար մենք առաջարկել ենք ստեղծել փաստահավաք հանձնաժողով։
Բայց միաժամանակ, հետևողական լինելով մեր նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում, մենք պարտավոր ենք նաև ուսումնասիրել Կորոնավիրուսի կանխարգելման և բուժման հանգամանքները՝ հետագայում բնակչության առողջության պաշտպանության համար ավելի արդյունավետ գործելու նպատակով։ Ըստ այդմ՝ տեղեկացնում եմ, որ ս.թ. հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է իրավունքի ուժով ստեղծված՝ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը։ Հանձնաժողովը գլխավորելու է Լուսավոր հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, իսկ հանձնաժողովի երկրորդ անդամը մեր քաղաքական ուժից կլինեմ ես։
Պատրաստ եմ համագործակցելու բոլոր այն անհատների հետ, ովքեր պատրաստակամություն կունենան օգնել մեզ տեղեկատվությամբ և իրենց մասնագիտական ու փորձագիտական կարողություններով։ Շնորհակալություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը