12 01 2021

Պարտության խորհրդանիշը պետք է հեռանա, հակառակ դեպքում մեր կորուստները շարունակվելու են․ Վազգեն Մանուկյան

Պարտության խորհրդանիշը պետք է հեռանա, հակառակ դեպքում մեր կորուստները շարունակվելու են․ Վազգեն Մանուկյան

Ավարտվեց Մոսկվայի եռակողմ հանդիպումը, որը հասարակական-քաղաքական շրջանակներում լուրջ մտահոգությունների ու տագնապների տեղիք էր տալիս: Հայաստանն այդ հանդիպումից որևէ դրական արդյունք չստացավ, գերիների հարցում մնաց ձեռնունայն: Ադրբեջանը ևս մեկ անգամ վավերացրեց այն, ինչի համար եկել էր:

Սա հերթական խայտառակ պարտությունն էր Հայաստանի համար: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանն արդեն իսկ ստացել էր ավելին, քան կարող էր երազել: Այդ հայտարարության որոշ կետերի կատարումն էլ այս ընթացքում խախտել էր իր օգտին՝ 1-ին կետ («…կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում») և 8-րդ կետ («…ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»):

Այս ամենը՝ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ և անգործությամբ: Հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևը վերահաստատեց և նոր հիմքերի վրա դրեց 9-րդ կետի իրականացումը («…տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև…»), որն Ադրբեջանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի: Կասկածից դուրս է, որ Փաշինյանի վարչապետության պայմաններում այս կետի իրականացման հետագա բանակցությունների արդյունքները նույնպես լիովին բավարարելու են միայն Ադրբեջանին:

Ի՞նչ կարող էր ստանալ Հայաստանը հունվարի 11-ի հանդիպումից, որը չստացավ: Պետք էր բարձրացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին վերաբերող հարցը, որը խախտվել է հօգուտ Ադրբեջանի և որը սպառնալիք է Սյունիքի համար: Որևէ արձանագրում չեղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության լուծման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ինչը նույնպես մեծ պարտություն էր:

Եվ իհարկե պետք է հստակ դրվեր և լուծվեր գերիների հարցը։ Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումն ու համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեցին մեր մոտեցումը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը: Պարտության խորհրդանիշը պետք է հեռանա, հակառակ դեպքում մեր կորուստներն ու նվաստացումները շարունակվելու են:

Վազգեն Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ