Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է․
«Դեժավյու-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել պատերազմի օրերին վարչապետ-ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար աշխատանքային հարաբերությունների մասին։
Ըստ տելեգրամյան ալիքի՝ այդ մանրամասները չափազանց կարեւոր են՝ հասկանալու եւ գնահատելու կատարվածի ողջ հանցավորությունը:
«Մեր աղբյուրի փոխանցմամբ, նոյեմբերի 7-ի երեկոյան, ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը ռուսական կողմի հեռախոսազանգից տեղեկացել է, որ ՌԴ-ից ՀՀ վարչապետին օրեր առաջ կոնկրետ կետային առաջարկություններ է արվել, այդ թվում` Արցախ խաղաղապահ զորք մտցնելու հետ կապված, սակայն վարչապետը ձգձգել է որոշում ընդունելը։
Ռուսական կողմը Միքայել Համբարձումյանին խնդրել է, որեւէ կերպ արագացնել եւ որոշման մասին տեղեկացնել, նշելով , որ ժամանակ չկա եւ հնարավոր է Ստեփանակերտը կորցնեք։ Միքայել Համբարձումյանը անմիջապես հեռախոսով խոսել է վարչապետի հետ, խնդրել՝ այդ հարցով շտապ ընդոունելություն: Ըստ աղբյուրի, նա բացատրել է վարչապետին , որ ռուսները սպասում են շտապ պատասխանի, քանի որ այլեւս հապաղելու ժամանակ չկա, սակայն վարչապետը չի ընդունել ԱԱԾ պետի պաշտոնակատարին եւ փաստորեն չի քննարկվել առկա իրավիճակը:
Միքայել Համբարձումյանը ստիպված ռուսներին փոխանցել է, որ վարչապետը իրեն չի ընդունում, բացի այդ` Հայաստանում հանրությունը տեղեկացված չէ իրենց առաջարկություններից: Դրանից անմիջապես հետո, նա նույն օրը, կապ է հաստատել «Իմ քայլ»-ի պատգամավորներից մեկի հետ ու հարցրել՝ արդյո՞ք իրենք տեղեկացված են ռուսների կոնկրետ առաջարկների մասին: Պարզվել է, որ «Իմ քայլ»-ում էլ տեղյակ չեն։ Խոսակցության ընթացքում պայմանավորվում են, որ առիթի դեպքում պատգամավորը այդ հարցը տա վարչապետին, իսկ եթե այդ օրը նախատեսված անվտանգության խորհրդի նիստը կայանա` ինքը անձամբ բոլորի ներկայությամբ այդ հարցը կբարձրացնի: Այդ օրը ԱԽ նիստ չի գումարվում, իսկ հաջորդ օրը` նոյեմբերի 8-ին, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը ազատվում է աշխատանքից։ Ամենայն հավանականությամբ Միքայել Համբարձումյանը նախօրեին «5-րդ ալիքի» եթերում, խուսափել է այս թեմայի մասին խոսելուց եւ մանրամասներ հայտնելուց»,- գրում է տելեգրամյան ալիքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը