11 01 2021

Պուտինը Փաշինյանին ասել է՝ ակնկալում է ԼՂ բոլոր խնդիրների շուրջ համաձայնության ձեռք բերում

Պուտինը Փաշինյանին ասել է՝ ակնկալում է ԼՂ բոլոր խնդիրների շուրջ համաձայնության ձեռք բերում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՆիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը հայտարարել է, որ ակնկալում է Ղարաբաղին վերաբերող բոլոր խնդիրների շուրջ համաձայնության ձեռք բերում:

«Իմ կարծիքով, իրոք, չնայած այն խնդիրներին, որոնց մասին դուք ասացիք, եւ որոնք դեռեւս մնում են չլուծված, հուսով եմ, որ, այնուամենայնիվ, կհաջողվի համաձայնության գալ բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի շուրջ»,- նշելէ Պուտինը:

«Ընդհանրապես, իմ կարծիքով, հանդիպումն օգտակար է այն առումով, որպեսզի հնարավոր լինի որոշել տարածաշրջանի ապագան եւ տարածաշրջանում հարաբերությունների կառուցումը: Նախեւառաջ, իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ուզում եմ ասել, որ մեր հարաբերությունները եղել են, կան եւ կլինեն դաշնակցային: Բոլոր առումներով մենք մտերիմ գործընկերներ ենք: Այսօր մենք շատ խոսեցինք տնտեսության մասին: Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ չնայած անցյալ դժվար տարվան՝ մենք գրեթե 4%-ով ավելացրել ենք մեր ապրանքաշրջանառությունը: Այս ամենը հիմք է տալիս հուսալու, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման հետ լուծումներ կգտնենք հօգուտ հայ ժողովրդի, հայկական պետության եւ մեր երկկողմ հարաբերությունների»:

Ես շատ ուրախ եմ, որ այս բանակցությունների արդյունքում մենք գոնե ինչ-որ արդյունք ունենք: Եւ այն քիչ կարեւոր չէ: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ՝ նկատի ունենալով Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման արդյունքները:

«Համոզված եմ, որ պայմանավորվածությունները, որոնք ձեւակերպված են մեր համատեղ հայտարարության մեջ, կարող են լրջորեն փոխել տարածաշրջանի տնտեսական տեսքը եւ լրջորեն մեծացնել ներդրումային ներուժը... Բայց, իմ կարծիքով, այս տնտեսական խնդիրները կդժվարանան հումանիտար խնդիրները չլուծելու պայմաններում, եւ, իհարկե, արդեն ասացի, որ մեզ համար ամենազգայուն եւ ցավոտ հարցը ռազմագերիների, անհետ կորածների եւ զոհվածների մարմինների փոխանակման հետ կապված հումանիտար խնդիրն է:

Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ այս դիրքորոշումը պաշտպանելու եւ սատարելու համար: Իհարկե, ձեր անձնական ներդրումը խաղաղ գործընթացում շատ, շատ շոշափելի է, հատկապես հիմա՝ հայտնի իրադարձություններից հետո: Հուսով եմ, որ այս բոլոր իրադարձությունների ֆոնին․․․ վստահ եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները կխորանան: Ռուսաստանը եղել եւ մնում է մեր հիմնական ռազմավարական դաշնակիցը... Նաեւ անվտանգության ոլորտում: Իհարկե, մենք պետք է քննարկենք ոչ միայն տարածաշրջանի ապագան, այլեւ երկկողմ հարաբերությունների օրակարգը: Եւ ես ուրախ եմ այս հանդիպման եւ այս հնարավորության համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ