Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․
«Ի՞նչ կապ կարող է լինել Երկրի երկրաբանական շերտերի ու Ստյոպիկ Սաֆարյանի միջև։ Ոչ, սխալվում եք` նա այդ շերտերում հայտնաբերված արխեոպտերիքս չէ։ Պարզապես Ստյոպան մասնագիտությամբ երկրաբան է, 1995թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը, իսկ 1999թ.` նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ Ընդ որում շատ կարգին մասնագիտություն է, իսկ երկրաբանները հիմնականում շատ հետաքրքիր մարդիկ։ Ստյոպան կարող էր շատ օգուտներ բերել թե՛ գիտությանը, թե՛ հայրենիքին։ Օրինակ կարող էր գեոլոգիայի ասպարեզում կատարել համաշխարհային հայտնագործություններ, երկրաբանական շերտերի ուսումնասիրության արդյունքում ժամանակային առումով որոշել հրաբխային ակտիվ ժամանակահատվածները, սառցադաշտային շրջանները, անգամ կարող էր փորձել հայտնաբերել այն ժամանակահատվածները, երբ Երկրին են բախվել այնպիսի զանգված ունեցող երկնաքարեր, որոնց հարվածի հետքերը պահպանվել են երկրաբանական շերտերում։
Արդյունքում համաշխարհային ճանաչում ունեցող ամսագրերում կարող էին հայտնվել հայազգի գեոլոգ Styopa Safaryan-ի հայտնագործությունները հիմնավորող հոդվածներ, աշխարհը կիմանար հայ մեծ գիտնականի մասին։ Կամ նա կարող էր սկսել ուսումնասիրել Հայաստանի ընդերքը, գտնել օգտակար հանածոների պաշարներ, հետազոտել դրանք, հրապարակել ու դրանով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։
Փոխարենը, սակայն, գեոլոգ Ստյոպա Սաֆարյանը զբաղվել է նրանով, ինչով որ զբաղվել է... Սակայն առավել ուշագրավ է այն, որ Նիկոլի իշխանության Ստյոպա Սաֆարյանը հիմա որոշել է, որ ինքը պետք է զբաղվի Հայաստանի դատական համակարգի բարեփոխմամբ, պետք է մշակի ինչ-որ վեթինգների համակարգ դատավորների համար, որպեսզի ապահովի Նիկոլի ցանկացած հրահանգ իրականացնելուն պատրաստ «դատավորների» հավաքական։ Այսինքն գեոլոգ Ստյոպան ուզում է զբաղվել Հայաստանի դատարաններով։ Այո՛, սա ինքնին ծիծաղելի է ու զավեշտալի, բայց ոչ` սա ողբերգություն է, քանի որ Նիկոլը ցանկանում է ստյոպիկների ձեռամբ Հայաստանի դատական համակարգի հետ անել այն, ինչ արեց մեր Ջաբրայիլի հետ։ Պատերազմը շարունակվում է, հայրենակիցնե՛ր, ռազմաճակատի գիծն անցնում է Սոթքով, Կապանով, Շուրնուխով, Երևանով, Գյումրիով, Ուջանով, մեր դատարաններով, ԲՈւՀ-երով, խանութներով, մեր տներով։ Ստացվել է մի իրավիճակ, երբ դատական համակարգը չկատարելով քաղաքական պատվերներ, ակամայից Հայաստանը պաշտպանում է արտաքին թշնամուց...
Հայե՛ր, մենք նահանջի տեղ չունենք, հայե՛ր գեոլոգ Ստյոպա Սաֆարյանը ուզում է ձեր դատական համակարգը բարեփոխել, իսկ Դանիել Իոաննիսյանը ձեր համար սահմանադրություն է մշակում։ ԵՒ ուրեմն` կամ Հայաստանն ազատվում է այս խմբակից` պարագլխով, կամ Հայաստան չի լինելու առհասարակ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը