Իշխանությունից կառչողը Նիկոլ Փաշինյանն է, ասում է՝ ես կփոխեմ Սահմանադրությունը, նույնիսկ համաձայն չէ, որ ԱԺ-ն լուծարվի, մեր Սահմանդրությամբ 2 անգամ պետք է հրաժարական տա, նույնիսկ այդ ճանապարհին համաձայն չէ, ուզում է ապօրինի ճանապարհով Սահմանադրություն փոխի, շարունակի մնալ վարչապետ և նշանակի ընտրություններ: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Աթոռին կառչածն ինքն է և իր թիմը, որոնք մինչև պատգամավոր, նախարար, մարզպետ դառնալը որևէ բարիք չեն ստեղծել, այսօր հայտնվել են այդ աթոռներին, պինդ բռնել են, որովհետև հասկանում են՝ կորցնելը ինչ կնշանակի: Այս երկիրն իրենք են հասցրել այս օրին և րոպե առաջ պետք է գիտակցեն սա ու հեռանան: Նրա թիմի անդամները, որ կանգնում են նրա կողքին, ամբողջությամբ կիսում են պատասխանատվությունը, սակայն դեռ շանս ունեն փրկվելու՝ փրկելով հայրենիքը»,- հայտարարեց Սաղաթելյանը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հավելեց. «Այսօրվա այդ «Շիշ բռնողը», ծերունի ավազակը, սրանք Նիկոլի հետ դատվելու են հավասար, առաջին մեղադրանքներից մեկն էլ լինելու է ճնշումը իրենց սեփական պատգամավորների նկատմամբ: Այս մարդիկ իրենց պատգամավորներին սպառնում, ճնշում, իսկ որոշներին կաշառում են, որ մնան Նիկոլի ազդեցության տակ: Այս մարդիկ լավ հասկանում են, որ դատվելու են կոռուպցիայի, բանդաներ ստեղծելու, պետական դավաճանության համար: Հիմա այս երեք-չորս հոգին պինդ բռնել են Նիկոլին»:
Սաղաթելյանը նշեց, թե հասկանում է նրանց, նրանք այլ ելք չունեն, բայց այս պրոցեսի մեջ ընդգրկել են իրենց գործընկերներին, որոնք այս ամենի հետ կապ չունեն, պարզապես գերի են խելագարի և այդ մի խումբ մադկանց ձեռքին, իրենք և կառավարության որոշ անդամներ պետք է սա հասկանան, գիտակցեն: Սաղաթելյանը նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում պատգամավորների հետ:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը երեկ ասաց սահմանների դեմարկացիա տեղի չի ունենում, իսկ ԱԽ քարտուղարը օրեր առաջ ասում էր՝ դեմարկցիա է տեղի ունենում, դրա համար ենք Սյունիքիում ադրբեջանցիներ տեսնում, հասկացե՞լ է՝ ի՞նչ է կատարվում Սյունիքում, Սաղաթելյանը նախ նշեց, որ պետությունն անտեր է: «Խոսում եք անվտանգության խորհրդից, այդ կառույցը հեռու է իր գործառույթներից: Հայ գյուղացին ադրբեջանցու հետ ինքն է բանակցում սահմանների համար, հասկանո՞ւմ եք՝ ուր ենք հասել: Անվտանգության խորհուրդ չկա, այդ կառույցը հեռու է իր պարտականությունները կատարելուց: Ո՞ւր է բանակը, ինչի չի ասում խոսք, ո՞ւր է ԱԳՆ-ն, պետություն չկա, քայքայված են բոլոր ինստիտուտները: Տարրական հարցերով զբաղվող չկա, էս մարդը մտածում է՝ ինչ խառնի, ում բռնի՝ իր իշխանությունը պահելու համար: Պետական ինստիտուտները ամբողջությամբ մատնված են անգործության, կազմալուծման ու քայքայման եզրին են»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է ընդդիմության անելիքներին՝ Սաղթելյանն ասաց, որ իրենք շատ հստակ ձևակերպում են տվել: «Մենք շատ հստակ ձևակերպում ենք տվել, եթե Նիկոլ Փաշինյանը չի հեռանում աթոռից, աթոռը պետք է հեռացնենք իրենից: Պետական համակարգն ինչ-որ մի փուլի չպետք է կատարի այս մարդու հրահանգները, ուրիշ ճանապարհ չկա»,- շեշտեց նա:
Ճշտող հարցին՝ դա հեղաշրջման փո՞րձ է, նա արձագանքեց. «Ինչպես ուզում են թող բնութագրեն, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Օրը մեջ կանչում են հարցաքննության, թե սա ես հայտարարել, նա ես հայտարարել, ինձ ընդհանրապես չի հետաքրքում ինձ, ընկերներիս կձերբալկալե՞ն, կամ ում կձերբակալեն, պետություն ենք կորցրել, պետք է մտածենք ինչ-որ քրեական գործերի մասի՞ն: Այստեղ շատ հստակ ասել ենք՝ հարուցված ու հարուցվելիք քրեական գործերը որևէ կերպ մեզ հետ չեն պահելու երկիրը փրկելու ծրագրից: Էս սկզբունքով ենք առաջնորդվելու, եթե ինքը չի հեռանալու, պետական ինստիտուտը կհեռացնենք իրենից»:
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ դրա համար պետք է արվեն բազմաթիվ քայլեր և գործողություններ: «Սա մեկ գործողությամբ ակցիա չէ, մենք մեր քայլերով, համառ պայքարով պետք է հասնենք հաջողության: Այո՛, մենք քիչ ժամանակ ունենք, իր յուրաքանչյուր օր ավելի մնալը կորուստ է մեր երկրից, հայրենիքից, բայց սա է ճանապարհը: Լայն թափով շարունակվելու են անհնազանդության բողոքի ակցիաները, շարունակվելու են պետական կառույցների շրջափակումները, շարունակվելու են ԱԺ պատգամավորների հետ բացատրական աշխատանքները: ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն իրենց պատգամավորների հետ իրականցնել բացատրական աշխատանք»,- ասաց նա:
Ըստ Սաղաթելյանի՝ այն բոլոր տեսակետները, թե պայքարը, շարժումը մարեց, ճիշտ չէ: «Պայքարը մարելը կնշանակի հայ ժողովուրդը վերջացավ, մենք այդ ճանապարհով չենք գնալու, ընդհակառակը՝ համախմբելու ենք մեր ժողովրդին, կազմակերպելու ենք, հեռացնելու ենք սրանց, միասին կառուցելու ենք հզոր, ուժեղ, առաջադեմ, մեր բոլորի երազած երկիրը»,- հայտարարեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը