28 12 2020

Քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունն անցել է բռնաճնշումների նոր մեթոդների․ Հայրենիքի փրկության շարժում

Քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունն անցել է բռնաճնշումների նոր մեթոդների․ Հայրենիքի փրկության շարժում

Ակնհայտ է, որ քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունն անցել է բռնաճնշումների գործադրման նոր մեթոդների: Քաղաքական ենթատեքստ պարունակող բազմաթիվ քրեական գործեր հարուցելու պատվերներին զուգընթաց, այսօր արդեն գործի դրվեց պատգամավորական մանդատի ուժով իրենց անձեռնմխելի համարող իմքայլական առանձին պատգամավորների անպատկառ, քաղաքացիներին կոպիտ վիրավորող, սադրիչ և բռնություն կամ դրա սպառնալիքների գործադրում ենթադրող վարքագիծ:

Առավել դատապարտելի է ոստիկանության պահվածքը, որը սանձարձակ պատգամավորների նկատմամբ օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ կիրառելու փոխարեն ապօրինի կերպով, բռնի ուժի գործադրմամբ խափանեց քաղաքացիների խաղաղ ակցիաները՝ բերման ենթարկելով և անազատության մեջ պահելով բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների, ովքեր չեն հանդուրժում հայրենիքի դավաճանությունը:

Հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող գործողություններով այսօր բերման է ենթարկվել և շուրջ երեք ժամ անազատության մեջ պահվել 31 քաղաքացի, իսկ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանին Արաբկիրի ոստիկանության մոտ առևանգել և ձերբակալել են: Սա ոչ այլ ինչ է, քան իրավական պետությունը խափանելու, ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող անձի իշխանությունը բռնաճնշումներով հաստատելու անհաջող փորձ:

Հայրենիքի փրկության շարժումը և փաստաբանների թիմն արդեն նախաձեռնել են անհրաժեշտ և հրատապ իրավական գործընթացներ՝ իրավախախտում թույլ տված ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, ինչպես նաև ոստիկանության մի շարք ծառայողների քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Մենք վերահաստատում ենք հայրենիքի փրկության գործում մեր վճռականությունը: Դավաճանը օր առաջ պետք է հեռանա։ Կրկին կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը եւ ուժային մյուս կառույցներին՝ չդառնալ հայրենիքը դավաճանած ռեժիմի գերին:

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդ 28.12. 2020 թ․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ