28 12 2020

Կուբաթլուի և Զանգելանի շրջանների շուրջ եղել է բանավոր ըմբռնում․ Նիկոլ Փաշինյան

Կուբաթլուի և Զանգելանի շրջանների շուրջ եղել է բանավոր ըմբռնում․ Նիկոլ Փաշինյան

Սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա տեղի չի ունենում, որոշակի սահմանային կետերի ճշգրտում է տեղի ունենում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ն անկախություն է ստացել որոշակի տարածքով, ո՞րն է այդ տարածքը, դա Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է, եւ Սյունիքի մարզը, որը գոյություն է ունեցել Խորհրդային Հայաստանում, ինքն ամբողջությամբ այսօր էլ նույն ձեւով անձեռնմխելի գոյություն ունի», վստահեցրել է նա։

Լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է, թե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի սահմանների մասին ոչինչ գրած չէ, բայց մենք պարբերաբար բարձունքներ ենք զիջում, մեր ճանապարհները հայտնվում են Ադրբեջանի տարածքում, պարբերաբար տեսնում ենք ադրբեջանցիներին մեր սահմաններին, ազատ ելումուտ են անում, Փաշինյանն արձագանքել է․

«Էդպիսի բան չկա եւ չի եղել։ Ոչ մի ադրբեջանցի Հայաստանի Հանրապետության սահմանից ներս չի մտել։ Տեսեք, մի կողմից ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից էլ ասում են՝ ադրբեջանցիները ազատ ելումուտ են անում Հայաստանի Հանրապետության սահմաններով, ո՞ր սահմանը նկատի ունեն։ Ի վերջո, ամենակարեւոր փաստերից մեկն այն է, որ մեզ ուղղված մեղադրանքներն իրար բացառող են, ես նախկինում էլ այդ մասին ասել եմ։ Մի դեպքում մեզ քննադատում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պատերազմը կանխելու համա, մյուս կողմից մեզ մեղդարում են նրա համար, որ միջոցներ ենք ձեռնարկում նոր պատերազմը կանխելու համար։ Ի վերջո, ՀՀ-ն անկախություն է ստացել որոշակի տարածքով։ Եվ եթե հարցեր կան այդ մասին, ես վկայակոչել եմ 2010թ․-ին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ ասվում է, որ օրինակ, Սյունիքի մարզի Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանի Հանրապետության հետ եւ տրվում է սահմանի նկարագրություն»

Դիտարկմանը, թե խոսում են, որ դա պետական սահմանին չի վերաբերվում, այլ ներքին վարչատարածքային բաժանմանը, վարչապետը պատասխանել է․

«Ադրբեջանի Հանրապետության սահմանն ի՞նչ կապ ունի Հայաստանի ներքին վարչատարածքային բաժանման հետ, ուրեմն, եթե իրենք ՀՀ տարածքում նկատի են ունեցել, որ ՀՀ-ից ներս գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետության տարածք, էլ ո՞նց են ասում, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մտել են Հայաստանի Հանրապետության տարածք, այսինքն՝ ՀՀ-ի ներսում Ադրբեջան կա՞։ Մարդիկ օրենքով հստակ գրել են, որ կամ արեւելքից կամ հյուսիսից, նայած որ տեղանքում, օրինակ Շուռնուխ, Որոտան, Սոթք համայնքների սահմանագիծը համընկնում է Ադրբեջանի Հանրապետության հետ, Հայաստանի սահմանի հետ։ Այսինքն՝ այսօր տեղի է ունեցել այն, ինչ նկարագրված է եղել այդ օրենքի մեջ։ Ինչո՞ւ է դա տեղի ունեցել կամ տեղի ունենում՝ նոր պատերազմից խուսափելու համար»։

Փաշինյանը հղում է արել  ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցներից մեկին, որում Սերժ Սարգսյանն, ըստ նրա, ասել էր, թե Հայաստանը պատրաստակամ է 7 շրջանները թողնել, որոնց մեջ մտնում են նաեւ Զանգելանն ու Կուբաթլուն։

«Այս պարագայում, կրկին ասում եմ՝ այն միջոցները, որոնք ձեռնարկվել են՝ ձեռնարկվել են Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար։ Ես նախկինում ասել եմ, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրության պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի, ոչ թե սահմանի, ճշգրտում իրականացնենք, եւ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ ձեռնարկված միջոցների էությունն այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ։ Փաշինյանը նկատել է՝ պատերազմի ժամանակ շատ էին խոսում, թե ինչո՞ւ Ռուսաստանն օգնության չհասավ, երբ Արցախում պատերազմ էր, որովհետեւ ըստ վարչապետի՝ Ռուսաստանի դիրքորշումն այն էր, որ մենք փոխադարձ օգնության պայմանագիր կնքել ենք ՀՀ-ի համար, իսկ մարտական գործողությունները տեղի են ունեցել պայմանավորված տարածքներից դուրս։

Փաշինյանը նաեւ նշել է, որ շատ են խոսում նաեւ այն մասին, թե ինչու միջոցներ չեն ձեռնարկվել պատերազմը կանխելու համար։ Վարչապետի խոսքով՝ պատերազմը կանխելու միայն մեկ տարբերակ կար՝ 7 տարածքների վերադարձ։

«Եվ հիմա Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածներում որոշում կայացվել է նոր պատերազմը կանխելու եւ այն տրամաբանությամբ, որ այդ պատերազմը, եթե կարող է էսկալիացիա տեղի ունենալ, անցում կատարի դեպի Սյունիքի մարզ, որը կարող է անվտանգային միջազգային համակարգերը չգործարկեն մեկ պատճառով, որ պարզվի, որ մենք ենք մեղավոր, որ այդ պատերազմը սկսվել է, օրինակ ՀՀ-ին միջազգայնորեն չպատակնող տարածքում, եւ մենք ներքաշվել ենք ռազմական գործողությունների մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողի դիտարկմանը՝  այնտեղ տներ ու ճանապարհներ կան, մարդիկ խուճապի են մատնվում, Փաշինյանը համաձայնել է, բայց նշել, թե այդ ամենից առաջ բազմաթիվ խորհրդակցություններ են ունեցել եւ տարածքային կառավարման մարմինների միջոցներով խնդրել են այն բնակիչներին, որոնց կարող է առնչվել այդ վտանգը, տեղեկացնեն, որ կարող են լինել նման իրավիճակներ, եւ եթե հանկարծ լինեն դեպքեր, երբ իրենց շահերը չպաշտպանվեն կամ իրենց շահերը ստորադասվեն Սյունիքի անվտանգության շահերին, ապա Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի նրանց կրկնակի չափով։

«Պարզ է, որ սա հոգեբանական նոր իրավիճակ է ստեղծում, բայց մենք պետք է կողմնորոշվենք, չէ՞։ Այսօր ասում են, որ Զանգելանի եւ Կութաբլուի այդ հատվածները եղել են մեր վերահսկսողության ներքո, բայց ի վերջո դառը իրականությունն այն է, որ մենք այդտեղ հասել ենք շատ հեռուներից»,- ասել է Փաշինյանը։

Դիտարկմանը, թե համաձայնագրում ասվում է, որ զորքերը կանգ են առնում այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել է, Փաշինյանն ասել է, որ դա վերաբերում է Արցախի հետ շփման գծին։

Դժգոհություններին, թե մեր բնակիչները կարող են առերեսվել ադրբեջանցիների հետ, Փաշինյնանն արձագանքել է․

«Այո, շատ վատ է, որ այդպես է, բայց, մյուս կողմից էլ, օրինակ, Արմավիրի մարզի Մարգարա գյուղում մեր քաղաքացիներն ամեն օր թուրքերի են տեսնում եւ թուրք սահմանապահներին, եւ, հասկանալի պատճառներով, դա խուճապ չի առաջացնում։ Հիմա մենք պիտի մեր խնդիրը ձեւակերպենք, թե ինչ ենք ուզում։ Նոր իրավիճակում պետք է կայունացնե՞նք իրավիճակը, թե՞ չկայունացնենք, ես ասում եմ, որ այո, մեր կառավարությունն ունի բոլոր հնարավորություններն ու լծակները կայունությունն ապահովելու համար, պարզ է, որ շատ բարդ է լինելու։

Հարցին, թե ինչո՞ւ չեն փոխել 2010թ․-ին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, վարչապետը պատասխանել է, որ եթե նման բան անեին, ապա իրենց կմեղադրեին հերթական պրովոկացիոն քայլի համար, որով արագացվեց պատերազմը։

Այսօր մոտավորապես 20 հողամասի վերաբերյալ կա բանավեճ։ 

Փաշինյանը է, որ այսօր այն գործողությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել, կանխվել է պատերազմը Սյունիքում. «Ընդ որում, կանխվել է ոչ միայն այսօր, այլեւ ընդհանրապես, որովհետեւ հիմա մենք տեղաբաշխված ենք այնպես, որ Սյունիքի նկատմամբ ոտնձգություն լինելու դեպքում ոչ միայն Հայաստանի Զինված ուժերը կմիջամտի, կմիջամտի նաեւ Ռուսաստանը։ Սա չի նշանակում, որ չի կարող լինել բանավեճ 1 կամ 2 կամ 12 տան վերաբերյալ։ Այսօր մոտավորապես 20 հողամասի վերաբերյալ կա բանավեճ»։

Փաշինյանն ասել է, որ ճանապարհների հետ կապված նույնպես բանավեճ կա. «Բայց մենք ուրիշ բան ենք արել, մենք ասել ենք՝ եկեք էսպես անենք, երաշխավորենք, որ այդ ճանապարհը կաշխատի, հետո ընթացքում կհասկանանք։ Բանավեճը ո՞նց ենք լուծում, տարբեր տարբերակներ կան։ Բայց այն, որ Հայաստանի տարածքը եղել եւ շարունակում է մնալ անձեռնմխելի, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող։ Եվ այս գործողություններն արվել են դրա համար»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ