25 12 2020

Վարչապետը չի ասել ոչ մի մետր, ասել է՝ ոչ մի միլիմետր․ Հովիկ Աղազարյան

Վարչապետը չի ասել ոչ մի մետր, ասել է՝ ոչ մի միլիմետր․ Հովիկ Աղազարյան

Այսօր Ազգային ժողովում սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, խնդիրների և լուծման, սահմանների ճշգրտման, անվտանգության ապահովման հարցերով աշխատանքային քննարկում էր, որին մասնակցում էր նաև Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Քննարկմանը «Իմ քայլը» խմբակցությունից, սակայն, ոչ մի պատգամավոր չկար: Մենք փորձեցինք կապ հաստատել թե՛ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի, թե՛ այլ պատգամավորների հետ, սակայն կապ հաստատել ստացվեց միայն Հովիկ Աղազարյանի հետ, ով պատասխանեց մեր մի քանի հարցի:

- Պարոն Աղազարյան, դուք տեղյակ եղե՞լ եք քննարկման մասին, ինչո՞ւ ներկա չեք եղել:

- Կարծում եմ՝ տրամաբանական կլիներ, որ այդ հարցը տաք խմբակցության ղեկավարին կամ քարտուղարին:

- Մենք իրենց զանգահարել ենք, բայց չեն պատասխանում:

- Բայց դուք ի՞նչ եք կարծում, ես ո՞նց կարող եմ այդ հարցին պատասխանել:

- Դե դուք խմբակցության անդամ եք, ի վերջո:

-Հասկանալի է, ամբողջական տեղեկատվությանը չեմ տիրապետում: Ցավոք սրտի տեղյակ չեմ եղել, որովհետև հարազատներիցս կորուստ եմ ունեցել, և այդ գործերով եմ զբաղված եղել, հետևաբար տեղյակ չեմ եղել:

- Կապանի քաղաքապետն այսօր մի շարք խնդիրների մասին բարձրաձայնեց, մասնավորապես այն, որ իրենց ասել են, թե Սյունիքի դիրքերի մասով բանակցություններ կլինեն, բայց հետո ոչ մի բան էլ չի եղել: Դուք՝ ընդհանրապես խմբակցությունում ի՞նչ եք քննարկել Սյունիքի հետ կապված:

- Քննարկելու առանձնապես գործառույթ չունենք, որովհետև դա կառավարության խնդիրն է: Ընդհանուր առմամաբ, տեղեկացված ենք, և մենք հստակ պատկերացում ունենք, որ սահմանները պետք է ճշգրտվեն Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի սահմաններին համապատասխան: Այդ ձևով ենք մենք անդրադարձել հարցին, թե չէ պատգամավորները հո չե՞ն տիրապետում գործադիր իշխանության ամենօրյա, ամենժամյա գործառույթներին, որպեսզի կարողանան արձագանքել, և ես կարծում եմ, համոզված եմ, որ այդ բանը պահպանվել է:

-Ամեն դեպքում, դուք իշխանության մաս եք կազմում, ի՞նչ կարծիք ունեք այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք այսօր Սյունիքում տեղի են ունենում: Վարչապետն ասում է, որ Սյունիքից ոչ մի մետր թշնամուն չի տրվում, բայց Սյունիքի համայնքապետերն ասում են, որ թշնամուն դիրքեր ու բնակավայրեր ենք թողել:

-Վարչապետն այդպիսի բան չի ասել:

-Վարչապետը մի քանի օր առաջ այդպիսի բան ասել է:

-Ասել է ոչ մի միլիմետր, չի ասել ոչ մի մետր:

Ես նորից եմ ասում և համոզված եմ՝ որպես պատգամավոր, որ մեր գործադիր իշխանությունը այդ խնդիրները լուծում է Սովետական Հայաստանի ու Սովետական Ադրբեջանի հաստատված սահմանների կոնտեքստում:

-Դուք ի՞նչ կարծիք ունեք, ճի՞շտ է, որ այդ ձևով է լինում:

 -Դե, ես ուրիշ տարբերակ չեմ պատկերացնում, ինչպիսի՞ այլ մոտեցում կարող էր լինել:

-Այսինքն նորմա՞լ է դա:

- Չէ՞ որ պետք է ինչ-որ բանի վրա հենվենք, որ հստակեցնենք այդ ամեն ինչը:

-Իսկ ինչո՞ւ բանակցություններ չեղան:

-Բանակցություններն ամենօրյա, ամենժամյա գնում են՝ տեղային մակարդակով:

Էմմա Հովսեփյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ