25 12 2020

Նախագահն ու Շիրակի թեմի առաջնորդը մտահոգություն են հայտնել երկրի առջև ծառացած խնդիրների առնչությամբ

Նախագահն ու Շիրակի թեմի առաջնորդը մտահոգություն են հայտնել երկրի առջև ծառացած խնդիրների առնչությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի:

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում նախագահ Սարգսյանը հանդիպել է թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:

Հանրապետության նախագահը և Շիրակի թեմի առաջնորդն անդրադարձել են պատերազմի ընթացքում մեր կրած ցավալի կորուստներին և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ համակարծիք լինելով, որ, որպես ժողովուրդ և պետություն, մենք այլ ընտրություն չունենք, քան միասնական ուժերով ոտքի կանգնելը:

Նշելով, որ իրավիճակը շարունակում է մնալ ծանր՝ զրուցակիցներն իրենց մտահոգությունն ու անհանգստությունն են հայտնել երկրի առջև ծառացած լրջագույն ու բազմաբնույթ մարտահրավերների ու խնդիրների առնչությամբ, անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին:

Նրանք հատկապես կարևորել են պետության սահմանների ու սահմանամերձ համայնքների անվտանգությունն ու պաշտպանությունը, գերիների, պատանդների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման հետ կապված խնդիրների լուծումը:

Հանրապետության նախագահը Շիրակի թեմի առաջնորդի ուղեկցությամբ այցելել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։

Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ