Politik.am-ը գրում է․
«Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Զավենի Սարգսյանը, հերթական անգամ արել է հայտարարություններ, որոնք մեղմ ասած՝ տարակուսանքի տեղիք են տալիս, միաժամանակ նաեւ ստիպելով հերթական անգամ մտորել, թե մինչեւ ուր կարող է հասնել պաշտոնի մարմաջ ունեցող մարդը։ Մասնավորապես, «Հանրայինի» եթերում, Պետրոս Ղազարյանի հետ զրույցի ընթացքում Արամ Սարգսյանը հայտարարել է, որ Շուռնուխ գյուղը քարտեզով ադրբեջանական է։ Նա մասնավորապես ասել է, որ Սովետական Միության գոյության վերջին շրջանում երբ ինքը ցեմենտ է վաճառել Իրանին, 30 մեքենայից բաղկացած շարասյունով անցել է Տաթեւի ճանապարհով, քանի որ Շուռնուխ եւ այլն ադրբեջանական գյուղերն էին եւ արդեն Ղարաբաղյան հարցը ակտուալ էր ու կրակոցներ կային, չէր կարելի այդ գյուղերով անցնել։
Արամ Սարգսյանը հիշել է, որ ազատագրումից հետո այդտեղ պայթեցված ավտոբուս է եղել, եւ Վազգեն Սարգսյանն է առաջինը անցել այդտեղով։ Զարմանալի է, որ եթե դրանք ադրբեջանական հողեր են եղել, էլ ինչու է Արամ Սարգսյանն ասում որ ազատագրվել են։ Ազատագրում ես այն, ինչը քոնն է եղել, քեզանից խլել են, ու դու հետ ես վերադարձնում։ Հակառակ դեպքում, իսկ Արամ Սարգսյանի խոսքը հենց դա է ասում, խոսքը գրավման՝ օկուպացիայի մասին է։ Այսինքն՝ անուղղակի կերպով Արամ Սարգսյանը իր եղբորը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանին մեղադրում է ադրբեջանական հողերը օկուպացնելու մեջ եւ այդ կերպ նրան համարում պատերազմի կամ ռազմական հանցագործ, ագրեսոր։
Իհարկե, աչքի առաջ ունենալով այն, որ նույնիսկ Շուշիի հանձնումից ու Սպարապետի՝ Շուշիում գտնվող արձանը պղծելուց հետո Արամ Սարգսյանը շարունակում է աջակցել Փաշինյանին, կարելի է արձանագրել, որ այլ բան սպասելն անիմաստ է Արամ Սարգսյանից։ Իհարկե իրականությունն այլ է լրիվ, քան ասում է Արամ Սարգսյանը, սակայն կարծես թե նրան նույնիսկ իր անզգույշ խոսքով եղբորը պատերազմական հանցագործ դարձնելը չի հետաքրքրում, այն եղբորը, որի արյան վրա է եկել քաղաքականություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը