24 12 2020

Արցախի ԱԻ ծառայությունը Ռուսաստանի աջակցությամբ համալրվել է նոր տեխնիկայով

Արցախի ԱԻ ծառայությունը Ռուսաստանի աջակցությամբ համալրվել է նոր տեխնիկայով

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նյութատեխնիկական բազան այսօր Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ համալրվել է նոր ու ժամանակակից տեխնիկայով: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Արցախի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գործընկեր կառույցների միջև վերջին ամիսներին ձեռքբերված համագործակցությունն օր-օրի ավելի է ամրապնդվում:

Արցախում փրկարարական առաքելությունն ավելի դյուրին դարձնելու համար արտակարգ իրավիճակների պետական ծառայայության նյութատեխնիկական բազան այսօր Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ համալրվեց նոր ու ժամանակակից տեխնիկայով:

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը՝ Արցախում ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ՝ գնդապետ Վադիմ Գարշենի ուղեկցությամբ ծանոթացել է ստացված ավտոտեխնիկայի հնարավորություններին:

Ծառայության տնօրենը վստահություն է հայտնել, որ այս հատուկ մեքենաներով ծառայության աշխատանքը կդարձնենք ավելի անվտանգ ու արագ:

Ռազմագործողությունների ընթացքում բազմիցս թիրախավորվել և վնասվել էր նաև ԱԻՊԾ վարչական տարածքը, միաժամանակ տեխնիկան: Այդ հարցով Կարեն Սարգսյանը դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը և պատասխանը չի ուշացել:

Այսօր ծառայության տեխնիկական պարկը համալրվել է արդի չափանիշներին համապատասխան «Կամազ և Ուրալ» մակնիշի բազայի հիմքի վրա ստեղծված հրշեջ փրկարարական 6 ավտոցիստեռնով, բարձր անցանելիությամբ (ամենագնաց) 4 հատ «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենաներով, մեկ «ԿԱՄԱԶ» ավտոկրունկով:

Բացի այդ, համագործակցության շրջանակներում ՌԴ-ը հետպատերազմյան Արցախում հումանիտար աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որի շրջանակում պատերազմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար տրամադրվել է անհրաժեշտ քանակի շինանյութ, կահույք, կապի որոկի բարձրացման համար՝ էլեկտրալարեր, ինչպես նաև 100 ԿՎՏ հզորությամբ գեներատորներ ու դաշտային խոհանոց:

Ռուս սակրավորական ջոկատները ևս ընդգրկված են Արցախում ականազերծման ու այլ փրկարարական աշխատանքներում:

Կարեն Սարգսյանը Արցախի Հանրապետեւթյան իշխանությունների, ժողովրդի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի և անձամբ իր անունից խորին երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին, փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և իհարկե որոնողափրկարարական աշխատանքներին միջամտելու և կազմակերպելու համար առանձնապես շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ