Արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուրջ մարտահրավեր են ու գլխացավանք հենց Նիկոլ Փաշինյանի համար, քանզի արդեն կա լեգիտիմ ընտրություններ անցկացնելու և վարչական ռեսուրսը գործի դնելու խնդիր: Նման կարծիք հայտնեցին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հրավիրած՝ «Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը. առանձնահատկությունները և հնարավոր ելքերը» քննարկմանը մասնակից քաղաքագետներն ու վերլուծաբանները:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանում այսօր անիշխանություն է տիրում, քանի որ գործող իշխանությունը կորցրել է, իսկ ընդդիմությունը դեռ չունի իշխանություն, այնպես որ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն տիրապետում իրավիճակին: Բայց ընդդիմությունը շանս ունի օր օրի ամրապնդելու իր դիրքերը, որովհետև Փաշինյանի թիմը չի կարող պահել դրանք: «Շատ հաճախ այսօրվա իրավիճակը համեմատում են 2018 թվականի հետ, կամ նույնիսկ 1988-ի շարժման հետ, բայց այս անգամ մենք աննախադեպ երևույթի հետ գործ ունենք, որը Փաշինյանը անվանում է էլիտար բունտ:
Կա համատարած կոնսենսուս այն գաղափարի շուրջ, որ Հայաստանում պարտադիր է արտահերթ ընտրությունների անցկացումը, դրան համաձայն է նաև Փաշինյանի թիմը, բայց խնդիրը նրանում է, թե ո՞վ է կազմակերպելու այդ ընտրությունները: Ի վերջո բոլորը հասկանում են, որ 2018 թվականի նման ընտրություններ անցկացնել չի ստացվի, այն ժամանակ լեգիտիմության խնդիր չկար: Եվ կարծում եմ, որ հենց այդ պատճառով էլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տալիս, որպեսզի կարողանա վերահսկել այդ գործընթացը: Այսինքն՝ օգտագործել վարչական ռեսուրսը, ինչը ևս խնդրահարույց է, հաշվի առնելով այն, որ շատ համայնքներ և նույնիսկ մի ամբողջ մարզ՝ Սյունիքը, պահանջում են իր հրաժարականը»,- ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով, Փաշինյանն այսօր երկու խնդիր է լուծում՝ իր և մերձավոր շրջապատի անվտանգության և քաղաքական անվտանգության հեռանկարի: Բայց, նկատեց նա, այս անգամ հարցերը չեն լուծվում փողոցում, դրանք լուծվում են ինստիտուցիոնալ կառույցներում: Եվ ամեն ինչ, վստահ է քաղտեխնոլոգը, լուծվելու է բանակցությունների միջոցով՝ սկզբից բանակցելու են այսպես կոչված էլիտաները, որոնք այսօր ունեն փողոցի ռեսուրսը, նրանք իրար մեջ պայմանավորվելու են ու գալու է ժամանակ, երբ ինչ-որ մեկը էլիտաների անունից կխոսի Փաշինյանի հետ իշխանության փոխանցման մասին: «Նման պայմաններում Նիկոլ Փաշինյանը ուղղակի ինքնախաբեւությամբ է զբաղված, հատկապես, երբ խոսում է արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին: Կարծում եմ նա վստահ չէ, որ հաղթելու շանս ունի և դրա համար էլ հիմա փնտրում է այսպես կոչված տրանսֆերային տարբերակ՝ փորձելով լուծել թե՛ իր, թե՛ իր թիմի անվտանգության խնդիրը:
Ներկայումս հենց այդ գործընթացն է ընթանում և արդյունքները կլինեն տեսանելի մոտ ապագայում»,- հավելեց Վիգեն Հակոբյանը: Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն էլ նշում է, որ Հայաստանում ձևավորվել է բավականին ծանր թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական իրավիճակ, որը հանգեցրել է լրջագույն ճգնաժամի: Իշխանությունն այսօր չունի այն հսկայական աջակցությունը, որն ուներ 2,5 տարի առաջ և այս պարագայում խոսել երկրում կայունության մասին այնքան էլ իրատեսական չէ: Միակ ելքն այս վիճակից դուրս գալու համար արտահերթ ընտրություններն են, բայց արդյոք Նիկոլ Փաշինյանի թիմը կարող է դրանք անցկացնել այնպես, ինչպես ցանկանում է:
«Մենք պետք է անենք ամեն ինչ, որ իրավիճակը երկրում դուրս չգա վերահսկողությունից, և դա վերաբերում է բոլոր կողմերին: Փաշինյանը հրաժարական տալու է, դա ընդամենը ժամանակի հարց է: Բայց քննարկումն այսօր գնում է սցենարների շուրջ՝ նա կփոխանցի իշխանությունը ժամանակավոր կառավարությանը, թե՞ որոշակի երաշխիքներ ստանալու դեպքում միայն՝ իր ու իր ուժի համար»,- ասաց նա: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա Փաշինյանին, ասաց Բալասանյանը, այստեղ խնդիր է սպասվում, քանի որ վարչական ռեսուրսը ամբողջովին իր ձեռքերում չէ ու իրեն չի աջակցում. «Այսինքն, մի բան է ձգտել կազմակերպել ընտրությունները, այլ բան է՝ արդյոք կարող ես հաջողության հասնել, հաշվի առնելով, որ, ըստ էության, վարչական ռեսուրս ասվածն էլ ամբողջությամբ քեզ չի աջակցում: Եվ վերջին իրադարձությունները հենց դա ցույց տվեցին»,- հավելեց նա:
Վերլուծաբան Հայկ Խալաթյանն էլ կիսում է գործընկերների տեսակետը՝ արտահերթ ընտրությունների անցկացումը լրջագույն մարտահրավեր է գործող իշխանության համար, քանի որ այսօր 90-ականները չեն, Տիգրան Մուկուչյանին դժվար թե հաջողվի նման «նկարչություն» անել՝ բոլորի մոտ կան սմարթֆոններ, ընդդիմությունն ունենալու է իր մարդկանց հանձնաժողովներում, իսկ վարչական ռեսուրսը լիովին իրենց չի աջակցում: «Պետական համակարգը այսօր չի ենթարկվում Փաշինյանին, անգամ ոստիկանությունը, ինչը տեսանելի դարձավ սյունիքյան դեպքերի ժամանակ: Փաշինյանը գնալով մնում է ավելի ու ավելի միայնակ: Անգամ այսպես կոչված սորոսական թևն է քննադատում, տեղ-տեղ պահանջում Փաշինյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների պահանջ առաջ քաշում՝ այդպիսով փորձելով ապահովել պլացդարմ ապագայի համար, որպեսզի հաջորդ իշխանության ժամանակ էլ նրանք տեղ ունենան ասելու, թե դեմ են եղել այս ամենին»,- ասաց վերլուծաբանը:
Քաղաքական գործընթացների ֆոնին, ասաց նա, հարկ է չմոռանալ, որ մենք այսօր ոչ միայն քաղաքական խորը ճգնաժամի մեջ ենք, այլև սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամում, իսկ եթե այդ իրավիճակը բերի սոցիալական բունտի, ապա պետությունը ուղղակի անդունդի մեջ կհայտնվի: «Եթե խելացի ու ադեկվատ մարդ լիներ իշխանության ղեկին, ապա նա վաղուց արդեն հրաժարական էր տվել, բայց այս մարդը չի ուզում գնալ այդ քայլին և չի էլ պատրաստվում: Այս պայմաններում երկիրը երկար չի կարող գոյատևել, իսկ եթե նրան հաջողվի մնալ, ապա դա երկրի ագոնիան կլինի: Նոր հասարակական պահանջ է հարկավոր, որպեսզի գտնվեն միջոցներ, ռեսուրսներ այդ խնդիրները լուծելու համար: Մեզ սպասվում են ծանր ժամանակներ, բայց եթե նա գնա, ապա պետք է հույս ունենանք, որ գոնե երկու-երեք տարի հետո իրավիճակը կհաջողվի բարելավել ու երկիրը դուրս բերել այդ անդունդից»,- շեշտեց նա:
Ամփոփելով քննարկումը ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանը նշեց, որ ամեն գնով անհրաժեշտ է Հայաստանում կանխել ներքաղաքական իրավիճակի էլ ավելի անկայունացումը: Հատկապես հաշվի առնելով, որ դա ձեռնտու է արտաքին որոշ ուժերի ու մեր թշնամիներին. «Ներքաղաքական այս ճգնաժամի միակ լուծումը սահմանադրական ճանապարհով է և սա պետք է հասկանա թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Արտահերթ ընտրությունները անխուսափելի են, բայց հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, առաջնահերթ է երկրում պահպանել կայունությունը, իսկ անկայությունը բխելու է մեր թշնամիների շահերից»,- շեշտեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը